Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4 Խոսքը վերաբերում է ապրիլի 9-ին «Մշակում» (№ 41) տպագրված Աբիստակես եպիսկոպոս Սեդրակյանի «Ո՞վ հավատաց» հոդվածին՝ գրված ի պատասխան «Արշեն երեց» կեղծանուն ստորագրությամբ Խրիմյան Հայրիկի «Քահանայական խնդիր» հոդվածի։ «Արշեն երեցը» խիստ քննադատում էր տգետ, աղքատիմաց քահանաներին, նրանց ձեռնադրող բարձրաստիճան հոգևորականությանը և հետամնաց ժողովրդին, որը, չկարողանալով դատել գիտունին անգետից, շատ հաճախ ինքն է խնդրում մի տգետ տիրացուի քահանա ձեռնադրել (ԱՐ, 1894, № 3)։ Հիմնականում համամիտ լինելով «Արշեն երեցի» դրույթներին, Արիստակես եպիսկոպոսը իր հոդվածում բողոքում էր ժողովրդի հասցեին արված մեղադրանքի դեմ և ինքննադատությունն ուղղելով քահանա ձեռնադրող բարձրաստիճան հոգևորականությանը, անհրաժեշտ համարում սովորեցնել ժողովրդին՝ ջոկելու լավը վատից, գնահատելու գրագիտությունը, իմացությունը։

Հոդվածը մեծ աղմուկ է առաջացնում, և պատճառը պահպանողական հոսանքն էր. անմիջապես բացելով գաղտնիքը, որ «Արշեն երեց» ստորագրության տակ թաքնված է Խրիմյան Հայրիկը, «Արձագանքը» և «Նոր դարը» հայտարարեցին, թե Սեդրակյան եպիսկոպոսը դեմ է դուրս եկել հայոց կաթողիկոսին (մանրամասնությունները՝ ՄՃ, 1894, № 3, 4, ՄՇ 1894, № 43-45 և այլն)։

63. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս—Ժիտոմիր

(էջ 135)

Ապրիլի 17

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 201։

Տպագրվել է ԵԺ V, 93 — 94։

1 Խոսքը վերաբերում է մարտի 31-ին Ժիտոմիրից Ան. Աբովյանի ուղարկած նամակին, որով վերջինս պատասխանել էր Թումանյանի, հավանաբար, մարտի 19-20-ին գրած մեզ անհայտ նամակին։ Ինչպես երևում է Աբովյանի հիշյալ նամակից, Թումանյանը նրան վաղուց չէր գրել, իսկ մարտ ամսվա այդ նամակի գրության առիթը, ըստ երևույթին, «Դաշնակներ» գրքույկի ընկերոջն ուղարկելն էր, թերևս նաև նրան հանդիմանելը՝ «Նոր դարի» 1894 մարտի 19-ին (№ 48) տպագրած հոդվածում՝ «Մշակի» հասցեին ասված վարկաբեկիչ խոսքերի համար (մարտի 19-ի օրով էլ որոշվում է Թումանյանի կորած նամակի թվագրությունը) ։

Հայացքներով Աբովյանը «նորդարական» էր. Ժիտոմիրում գրած և «Նոր դարին» ուղարկած վերոհիշյալ հոդվածում նա այն կարծիքն էր հայտնել, թե «բոլոր տեղերի խաչագողները… բազարնայա թերթի կողմնակից են համարում իրենց» (ընդգծումը մերն է — խմբ.) «Մշակը» վարկաբեկելու համար Աբովյանը օգտագործել էր թերթի խմբագրության՝