149. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՑԱՆԻՆ
Ուրավել–Վիձիսի
(էջ 259)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 279։ Անթվակիր տարեթիվը որոշվում է նամակի բովանդակությամբ բանաստեղծի՝ Ուրավելում գտնվելու փաստով։
Տպագրվել է ԵԺ V, 183-185։
1 Սույն նամակը պատասխանն է հուլիսի 8-ին Մ. Թումանյանի գրած նամակի (ԳԱԹ, Թֆ, № 660)։
2 Նիցշեից կատարված առանձին հատվածների թարգմանությունների շարքում (տե՛ս նամակ № 284, ծանոթագրություն № 3) այս տողերը չկան։
3 Նկատի ունի Շանթի՝ հունիսի 12-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, ց2, № 65)։ Վերջինիս՝ Եվրոպայից ուղարկած նամակները նոր տոմարով են, բանաստեղծի թվագրությունները՝ հին, ինչպես ընդունված էր այդ ժամանակ Կովկասում, ուստի, շփոթությունից խուսափելու համար, Եվրոպայից ստացված Շանթի և ուրիշների նամակների թվագրությունը հարմարեցվում է տեղականին։ Դժվար է ասել, թե այս նամակը՝ գրված շոգենավից, թվագրված է հի՞ն, թե նոր տոմարով, ուստի տրվում է նույնությամբ (պետք է նկատի ունենալ նաև, որ բանաստեղծը Ուրավելում գտնվելով՝ Թիֆլիս ուղարկված նամակները ստացել է ուշացումով)։
4 Խոսքը վերաբերում է Ախալքալաքի Վաչիան (և ոչ Վարձիան, ինչպես գրված է նախորդ հրատարակության ծանոթագրության մեջ. ԵԺ V, 184) գյուղի կալվածատեր, որը դիմելով Թիֆլիսի նահանգական դատարանին՝ պահանջել էր իր՝ 1900 թվականի կապալավարձը անբերրիությունից, երկրաշարժից և այլ աղետներից քայքայված վաչիանցի 60-70 գյուղացիներից։ Չկարողանալով ստանալ կապալավարձ հացահատիկը, այն օրերին, երբ Թիֆլիսի հայ մտավորականությունը հատուկ մասնաժողովների միջոցով հանգանակություն էր սկսել Ախալքալաքի գյուղերին օգնության հասնելու, Ղըրխքիսալովը կապալավարձ հացահատիկը թանկ գներով հաշվելուց հետո պարտքը դարձնում է 3-4 հազար, գործը ներկայացնում դատարանին, որ կարողանա դրամը ստանալ «ճգնաժամը անցնելուց հետո»։ Ինչպես պարզվում է «Մշակի» Ախալքալաքի թղթակից Սայլլումյանի (որը ի դեպ Ջալալ Տեր–Գրիգորյանն է՝ Թումանյանի մտերիմներից) հաղորդումից, որոշ ժամանակ անց Ղըրխքիսալովը «մի երկու ազդեցիկ անձնավորությունների միջնորդության շնորհիվ վաչիանցիների հետ կապված պայմանագիրը ոչնչացրեց» (ՄՇ, 1901, № 40, 44, 48, 49, 113):