Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշել, թհ ո՞վ է եղել Շանթի նույն նամակում հիշատակված «Վերնատան»» այդ նոր անդամը, որը, ըստ Թումանյանի անհայտ նամակի «…կոնտորաբանկ, առևտրական վարժարան մտնելեն վերջը՝ նորեն Պառնասի փեշերն ի վեր կմագլցի» (նույն տեղում) ։

«Վերնատան» հիմնադիր անդամները վեցն էին՝ Թումանյան, Աղայան, Իսահակյան, Շանթ, Դեմիրճյան, Աղբալյան։ Ա. Ինճիկյանի «Վերնատուն» հոդվածում հիմնադիր անդամների թվարկության մեջ պատահմամբ դուրս է մնացել Իսահակյանը, որ հրատարակչական վրիպում է (ՈւՀ 3, 389)։

Ինչպես հավաստիացնում է Շանթը, քիչ է պատահել, որ «Վերնատունը» հավաքվի լրիվ կազմով և կարողանա պարբերաբար դրական ասուլիսներ կազմակերպել. ««Վերնատունը», ուրեմն, նորեն սկսեր է կենդանանալ, ինչպես որ կգրես, ուրախ եմ. երևի այդ ալ մեր «Վերնատան» ճակատագիրն է, միշտ երեք-երեք, սիրուն թիվ է…»,-գրել է նա Թումանյանին ուղղած 1902 թ. ապրիլի 7-ի նամակում (ՈւՀ 4, 353): 1900-1901 ուսումնական տարում Աղայանն ապրել է Բաքվում, 1901-ին Շանթը մեկնել է արտասահման, այնուհետև Դեմիրճյանը՝ Մոսկվա, Աղբալյանը Պետերբուրգ՝ ուսանելու։ Երբ Շանթը վերադարձել է Թիֆլիս, բացակայել է Դեմիրճյանը։ Անկախ այդ ցաք ու ցրիվ վիճակից, անդամների ոչ կայուն մասնակցությունից «Վերնատունը» ունեցել է իր հավաքույթները ասուլիսները։ Լինելով «Վերնատան» ամենակարևոր դեմքը, Թումանյանն իր շուրջն էր համախմբել, բացի հիմնական անդամներից, Թիֆլիսի գրեթե բոլոր նշանավոր գրական գործիչների, հասարակական դեմքերի, նկարիչների, երաժիշտների, հյուրերի (Պ. Պռոշյան, Ալ. Շիրվանզադե, Նար-Դոս, Վ. Փափազյան, Ա. Ահարոնյան, Վ. Տերյան, Լեո, Ատ. Լիսիցյան, Մ. Թումանյան, Փ. Վարդազարյան, Ա. Զարգարյան, Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Կոմիտաս և ուրիշներ)։

«Վերնատունը» ընդհատումներով գործել է մինչև 1908 թվականը։ Մոտ տասը տարվա գործունեությամբ նա կարևոր դեր է կատարել հայ գրականության բնագավառում և մեծ ներդրում ունեցել Հայ գրողների կովկասյան ընկերության ստեղծման գործում (ԹԺՀ, Իսահակյանի, Դեմիրճյանի հուշերը, ՈւՀ 3, Ա. Ինճիկյանի «Վերնատուն» հոդվածը)։

10 Խոսքը վերաբերում է Անիի լուսանկարներին, պահպանվում են Թումանյանի և Իսահակյանի համատեղ նկարները Աշոտ Ողորմածի գերեզմանի մոտ և ավերակների մեջ, որ լուսանկարել է բանաստեղծ Հովհաննես Կոստանյանը (Իսահակյանի մորաքրոջ որդին, որը նույնպես ճանապարհորդում էր նրանց հետ, ԹԺՀ, 461-463)։

11 Հովհաննես Կոստանյանն է։