Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3 Նկատի ունի 1902 թ. հոկտ. 5-ին տպագրված Մ. Թումանյանի «Նամակ խմբագրությանը», որտեղ վերջինս առաջարկում է անհապաղ ստեղծել «սեփական թատրոնի շինություն… հայ բնակչության կենտրոնում», խորհուրդ տալով օգտագործել մեծահարուստ Խուդատյանի կտակով ստացված Հայ բարեգործական ընկերության հողամասը։ Ընդգծվել է հատկապես, որ թատրոնը իր գոյությունը ապահովում է միայն միջին դասակարգի միջոցներով, իսկ նրա նվազ հնարավորությունները չեն կարող մեծ հույսեր ներշնչել (ՄՇ, 1902, № 220)։

4 Շանթի՝ հոկտ. 10-12-ին գրած նամակները, ինչպես երևում է այս նամակի՝ «գրքի տպագրության համար հանձնարարել էիք Շանթին» խոսքերից, ստացվել են նույն օրը՝ հոկտ. 14-ին (Աբասթումանի փոստի նամակների ստացման օրը)։ Բանաստեղծն անմիջապես պատասխանել է, բայց, ինչպես Շանթին գրած Թումանյանի բոլոր նամակները, այս նամակն էլ անհայտ է, թեպետ նույն օրերի Շանթի նամակներից պարզ է, թե ինչպիսին կարող էր լինել բանաստեղծի պատասխանը։

Իմանալով, որ բանաստեղծը կողմնակից չէր որքան կարելի է մեծ ժողովածու կազմելու հրատարակիչների սկզբունքին, Շանթն իր կողմից խորհուրդ է տվել խիստ ընտրություն չկատարել, զբաղվել հին, տպագրված գործերը նորից մշակելով, այլ խիստ անհրաժեշտության դեպքում անել շտկումներ։ «Գոնե «Ժողովը» այսպես է վճռեր հոս,—գրել է Շանթը,—դուն կուղարկես քու ընտրությունը։ Ինչ որ բաց ես թողած, հոս չորս հոգի (որոց մեջը իմ անունն ալ դնելու պատիվն են ըրած) պիտի կարդան և իրենց այո ու ոչը պիտի ըսեն և պիտի միացնեն նորեն քու ընտրությանդ, այնպես որ, լավն էն է ինքդ արդեն այնպես ընտրես, որ հոս նոր փոփոխություններով գրեթե տեղիք չի մնա» (Թֆ, ց2, № 117)։

Հոկտեմբերի 11-ին Մ. Թումանյանի տան հերթական «Չորեքշաբթին» նույն «Հինգշաբթիներն» են) նվիրված էր Թումանյանի բանաստեղծությունների նոր ժողովածուի պատրաստման աշխատանքներին, մասնակցել են, բացի տանտիրուհուց, Փիլ. Վարդազարյանը, Ա. Զարգարյանը և Լ. Շանթը։ Հրատարակության պայմանները որոշելուց հետո հանձնարարվել է Շանթին՝ հեղինակին հայտնել գործի էությունն ամենայն մանրամասնությամբ, որը և Շանթը կատարել է իր հոկտ. 12-ի նամակով։ Նա առաջարկել է բանաստեղծին՝ կազմ և ցուցակ զանազան քաղաքներում ապրող ծանոթների ու բարեկամների՝ բաժանորդագրությունն սկսելու համար, և ապա ընտրել ժողովածուի նյութերը (ՈւՀ 4, 368)։