Թեև այս նամակով մտադիր էի բոլորովին ուրիշ բան գրել, բայց այժմ ստիպված եմ մի անգամ ևս քո սիրտը ցավացնել իմ՝ քո անբախտ եղբոր ցավով։ Սրտիս սաստիկ հուզմունքը և զայրույթը թույլ չեն տալիս դժոխային վիճակիս նկարագիրն անելու, որ թերևս մի որոշ չափով դու ճանաչում ես։ Անուշավան ջան, փիլիսոփայություն չեմ անում. սա մի տարրական հասկացություն է մարդկային կյանքի վերաբերությամբ։ Մարդ յուր մասնավոր կյանքով ապրում է կամ յուր անձի, կամ ընտանիքի համար. դու հասկանում ե՞ս ապրելն ինչին են ասում։ Արի տես, որ ես համոզված լինելով, որ ընտանիքի համար ապրելով՝ չեմ կորցնելու ինձ, այլ ընդհակառակը, ավելի երջանիկ եմ լինելու, արհամարհեցի ինձ շրջապատող կյանքի վճիռը՝ կա՛մ քեզ համար, կա՛մ ընտանիքի։ Այո՛, ես մի անհույս սիրով հարբած, ընկղմվեցա թշվառության անդունդը, ես, արհամարհելով ծնողներիս արտասուքը և երախտիքը, ստացա իմ պատիժը—արդա՜ր պատիժ։ Ես, անձնատուր լինելով իմ հիմար ցնորքներիս, դարերով կազմակերպված կյանքի վրա ծիծաղելով, հասա այստեղ…
Ես չեմ ուզում ինձ հետ թշվառության և անվերջ տառապանքների մեջ տանջել մի անմեղ հոգի, որ գուցե արժանի էր ավելի երջանիկ օրերի, որ միմիայն զոհ է իմ հիմարության, անշուշտ հասկանում ես, խոսքս Օլի՛ մասին է։ Ես ներում եմ նրա՝ դեպի ինձ տածած արհամարհանքը, ես ինձ արժանի եմ գտնում դրան, ես չեմ զայրանում նրա ամեն տեսակ սառն ու անարգ վարմունքների վրա, ես իրավունք չունեմ նրանից ավելին պահանջելու… Բայց մի՞թե ես մեղավոր եմ, մի՞թե ես այս տանջանքներին արժանի լինելու