Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այս վերջին ժամանակներս, թերևս և առհասարակ, իմ նամակներս գլխիցը մինչև վերջը տրամաբանորեն չեն լինում գրած։ Ահա մի փաստ, որը կարող է քո առջև վկայել իմ հոգեկան աշխարհի սաստիկ հուզմունքների և անհանգստության մասին։

Փողի կարևորության մասին ես գրում. իհարկե, եթե ես ու դու էլ փող ունենայինք, ոսկեղեն պատվանդանի վերա պարող կլինեինք ցույց տալ մեր անձնավորությունը աշխարհին, իսկ անփող ստիպված ենք կռվել տառապանքների դեմ, մինչև որ մի օր ուժաթափ կընկնենք հարուստների ոտքի տակ։ Այսպես է դարուս կյանքի օրենքը։ Բայց, այսուամենայնիվ, մենք պետք է կյանք ստեղծենք, ոչ թե կյանքը մեզ խաղացնի։

Ինչպես դու իմ անունս «Նոր դարի» քո պանդխտության մասին գրած հոդվածում իշացրել էիր, նույնպես ես քեզ իլացնելով, նախորդ նամակներումս արած իմ խոստումը՝ «Անուշից» մի բան գրել քեզ, ահա կատարում եմ։ Բայց այստեղ ես միմիայն պոեմայի հառաջաբանը կամ այն ձոնը կգրեմ, որով դիմում եմ այն ընկերիս, որին նվիրված է «Անուշը»։ Գուցե «Անուշը» ապրիլին տամ Մուրճիոսին, եթե չպահեմ II հատորի համար։ Առայժմ խմբագրատանը կարդացի և ուզեցին ինձանից «Մերժված օրենք» փոքրիկ պոեման։ Ահա «Անուշի» ձոնը, բայց քո խաթեր մի կամ երկու փոքրիկ սկզբի գլուխներիցն էլ կգրեմ. սկզբի երկու գլուխները փոքրիկ են.

ԱՆՈԻՇ

(Նվեր իմ ընկեր Ան<ուշավանին>)

Սիրելի՛ ընկեր, շատ ոգևորվել,
Շատ ես հառաչել դու նրա մասին,
Որ այսօր հոգուս թռիչք է տվել,
Որ պիտի երգեմ ես քո առաջին։

Բայց ես չեմ կարող այնպես հառաչել
Անզոր բառերով անվարժ տողերում,