Եվ ահա, ինչ որ գրչով նկարել,
Այն եմ սրտալի քեզ նվեր բերում։
Ընդունի՛ր, հոգիս, նրա ձայները
Գուցե ականջիդ հարազատ հնչեն,
Հիշեցնեն անցած օրերի սերը,
Եվ քեզ քո սիրած տանջանքով տանջեն:
Ամպշող գիշեր է. ահա քեզ Լոռու
Չքնաղ լեռները ձգվում են հեռու.
Այս լեռների մեջ յուր ավանդներով
Մի պարզ ժողովուրդ ապրում է սիրով.
Եվ նրա հոգին հստակ է և վես,
Իրա լեռների, աղբյուրների պես։
Տեսնում ե՞ս, գյուղը մռայլի միջին
Սևին է տալիս սարի ստորոտում,
Նրանից ներքև խոր ու խավարչտին
Ձորում խլաձայն գետն է որոտում.
Շեն ու շրջակայք գրկել է Մորփեն,
Եվ ոչ մի տեղից չի լսվում շրշյուն,
Կես գիշերվանից լռել են արդեն
Սայլորդի երդը և հովվի շհուն։ Եվ այլն և այլն6։
«Անուշը» 5 թերթ է ամբողջ. այնպես որ իմ բոլոր պոեմաներից մեծ է։
Դարդելու դարդերը Ստեփանի հետ կուղարկեմ, իմ դարդերն ինձ հերիք են7։ Ընկերության գրքերի ցուցակն էլ կուղարկեմ կամ կջոկեմ8։ Սրա մասին հետո։ «Պավլոսն ու Վերգինեն» ինձ մոտ են։