…Զոմն ի մէնջ յարո՛
Դէտ ազգի մերոյ,
Տուր նմա ցուպ հուժկու
Հովուել զմեզ…2
Ամսույս 13-ին կայացավ Հրատարակչական ընկերության տարեկան ընդհանուր ժողովը։ Այստեղ ամենքն իրանց գույնը դուրս տվին։ Սպանդարն և յուր համհարզներից կազմակերպված վարչությունը ժողովին գալով, տեսան, որ «Մշակի» ահագին խումբը, որ նույնիսկ այն երեկոյան էին ստորագրվել, խռնվել են դումայի դահլիճներում, իսկույն խառն ժողով կազմեցին վարչությունից և խմբագրական մասնաժողովից (իհարկե փակ), իսկ մենք՝ անդամներս, մոտ 120 հոգի, սպասում ենք դահլիճում։ Հանկարծ գալիս է նախագահն իբրև պատգամավոր խառն ժողովի կողմից և հայտնում է, որ ժողովն այսօր չի կայանալու։ Չես կարող երևակայել այն գոռում-գոչումը, ծվոցն ու ծղրտոցը, հռհռոցն ու բղավոցը, ծափն ու ծիծաղը, որ կարող էր սատանաներին դժոխքից խրտնացնել ու փախցնել։
Նախագահը դարձյալ գնաց, որ վճռի արձանագրությունը շուտով բերի ընդհանուր ժողովի առաջը կարդալու և, ինչ ես կարծում, վերադարձավ թե… վարչությունը թղթերն առել փախել է. այ քեզ օյին։ Այս լրբությունը ավելի ոգևորեց հակառակ կուսակցությանը։ Չեմ ուզում բոլորը պատմել, լրագիրներում կկարդաս3, միայն ուզում եմ ասել, որ ընտրությունը լինելով նույն երեկոյան, մշակականները մի շատ ստոր արարքով, որին իրանք տասներորդական են համարում ու ասում, գրգռեցին շատերի զզվանքը։ Ձայն տալու ժամանակ մի երկուսը գոռում են. «տո՛, եկեք մի սևացնենք է՛, Սպա՛նդա՜ր, Մուրացա՜ն» (ձայն են տալիս)։ Նախագահն Արծրունին է. իսկույն դնում են քվեատուփեր և Սպանդարի ու Մուրացանի համար։ Բողոք եղավ այս բանի դեմ, թե բացակայի համար տուփ դնելիս պետք է մեկը երաշխավորի. երաշխավոր չեղավ, պահանջեցին ձայն տվողին,