Խեղճը շուտ-շուտ մոտենում էր անջատում ճեմող զույգին, բայց կինը մի քիչ իրանից հեռու ամենայն սառնությամբ կանգնելով (կարծես վախենում էր մարդու ահագին բռնոթաման քթից), դարձյալ յուր խաղն էր խաղում։
Ես կերդվեմ, որ ոչ թե այն հանդիսատեսներից, այլև նրանց բոլոր ծանոթներից ոչ մեկը ինձ չափ տրտմած չէր լինիլ… կամ գուցե ինձ պես։ Բայց ամեն բան մոռանում էի, երբ որ նայում էի մի աղջկա, որ յուր ընկերուհու հետ կռնաբռնուկ արած, մեկ այստեղ էր հայտնվում, մեկ մյուս կողմը, օրիորդ Վարդանյանն է, ինձ պատասխանեց իմ ընկեր Փիրումյանը.— սա շատ չհավանեց—прелестное создание[1]. Այո՛, այս երեք բանը ինձ շատ հուզեցին։
Պատրաստում եմ արդեն գրքիս երկրորդ հատորը, այսինքն՝ արտագրում եմ։ «Անուշի» կիսիցն սկսած կարդացի մեր «երանյալ շաշի» (Եղիշեի) մոտ, քեզ կհայտնի յուր կարծիքը։
Երկրորդ հատորը մեծ կլինի առաջինից և առավել զերծ պակասություններից, առաջուց արդեն ես կրիտիկա եմ արել, և թող ներվի համարձակությունս, եթե ասեմ, որ, իմ հավանած ոտանավորիս դեմ հարձակվողը յուր անձը մասամբ վտանգի կենթարկի, որ պարտություն է կոչվում։ Այդ ապացուցեց Գ. Արծրունու փորձը9, որի խոսքերը Սինայի պատգամների չափ հարգանք ունեն մի մեծ բազմության աչքում10։ Նեղություն կրիր հետևել իմ և մի քանի գովված «ականների»11 վեճին այդ առթիվ, որը արձանագրում եմ համառոտած, յուր իմաստով։ Նրանք ինձ ասում են (ինչպես գրել է Արծրունին), ի՞նչպես կարելի է և հուզված լինել և անշարժ մնալ արձանի նման, ես այս հարցն եմ տալիս նրանց—հանդիսականը նստած է թատրոնում, բեմի վրա գործողությունը շարունակվում է անընդհատ, մի գործողություն, որ շատ հուզում է հանդիսականին, ի՞նչ է անում հանդիսականը, քանի դեռ շարունակվում է այդ հուզող ներկայացումը, ծուլ ու ծուլ է լինում, թե անշարժ, քարացածի նման
- ↑ Սքանչելի էակ։