Jump to content

Էջ:Իմ խնամատարը.djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻՄ ԽՆԱՄԱՏԱՐԸ


Բագւում ես իջեւանեցի իմ մօրաքրոջ մօտ: Այնտեղ պիտի մնայի մինչեւ որ վիճակս քիչ թէ շատ պարզուէր։

Այդ անսահման բարի եւ զգայուն մօրաքոյրս պանդխտութեանս մէջ եղաւ ինձ համար երկրորդ մայր։ Երբեք չեմ մոռանալ այն ջերմ գուրգուրանքը, որով նա սեղմելով ինձ իւր նիհար կրծքին, իր հինգ զաւակներին աւելացրեց վեցերորդը։

Տասնեակ տարիներ յետոյ, երբ մի աշնանային օր այցելեցի նրա գերեզմանը, որ գտնւում է մօրս գերեզմանի քով, ինձ պաշարեց կրկնակի վիշտ։ Մարդիկ մի անգամ են զրկւում իրենց մօրից, ես զրկուել էի երկու անգամ։

Ես ունէի մի մօրեղբայր՝ Յակովբ անունով, որ պիտի զբաղուէր իմ վիճակով։ Դա մի հասարակ դերձակ էր, սակայն ունէր բազմաթիւ ծանօթներ եւ վայելում էր նրանց յարգանքը։

Որոշուեց, որ ես կարող եմ ծառայել կամ մի մասնաւոր գրասենեակում, կամ որեւէ արքունական հիմնարկութիւնում։ Շամախիում, չորս ամիս ոստիկանատանը ծառայելով իբրեւ գրագիր, ես ռուսերէն ձեռագիրս բաւական մշակել էի։

Մօրեղբայրս պատուիրեց ինձ մի որեւէ բան գրել խնամքով եւ տալ իրան։ Ես տողացանցը դրեցի մի մեծ թերթի տակ եւ ամէնայն բարեխղճութեամբ ընդօրինակեցի ամենագեղեցիկ էջը գեղագրութեան տետրակից։

— Աֆարի՜մ տղայ, մարգարիտներ ես շարել,— գոչեց մօրեղբայրս, ձեռագիրս տեսնելով,— ես քո մասին արդէն խոսել եմ Առստամ-բեգի հետ։

Եւ թերթը ծալեց, դրեց իւր մինդարի տակ, որպէսզի հարկաւոր դէպքում ցոյց տայ Առստամ-բէգին, որ նահանգական ատեանում պաշտօնեայ էր։

Բագուն յափշտակել էր ինձ։ Ամբողջ օրերով թափառում էի նրա անսալայատակ, փոշիալի փողոցներում։ Ամենից աւելի