105
ԻՄ ԽՆԱՄԱՏԱՐԸ
մթին անցքում։ Այնտեղ ես ծալապատիկ նստում էի մինդարի վրայ եւ դիտում դիմացի խանութներն եւ անցորդներին։
Մի զուարթ եւ կատակասէր մարդ էր քեռիս։ Յիշում եմ նրա կարճլիկ ու հաստ բեղերը, ժպտուն շրթունքները, լիք-լիք կարմրախայտ այտերը եւ հեգնանքով լի սեւորակ աչքերը։
Նա գիտեր ծաղրել կեանքը ինչպէս փիլիսոփայ, երբեմն ցինիքաբար։ Յաճախ նրա անփոյթ արտասանած խօսքերը նոյնքան սուր էին, որքան նրա ասեղի ծայրը։
Նա սիրում էր ժամանակ-ժամանակ իւր բարեկամների հետ բաժակ-բաժակի զարկել ոչ յանուն Բաքոսի, այլ չոր ու ցամաք Բագւում Շամախու ծաղկաւէտ հովիտները յիշելու համար։
Տանը նա հիւրեր չէր ընդունում, նոյնիսկ ինձ հազիւ հրաւիրում էր այնտեղ։ Նրա ամուսինը մի եսամոլ եւ անհիւրընկալ կին էր, եւ ես նկատում էր, որ իմ բարի քեռին մի քիչ ճնշուած է նրանից։
Մի բան, որ առանձնապէս սիրում էի այդ գէր ու կենսախինդ մարդու մէջ, այն էր, որ նա երբեք խրատներ չէր տալիս ինձ։ Այդ ինձ համար մի հազուագիւտ բան էր, ուասնզի ամէն ոք, կարծես, սրբազան պարտականութիւն էր համարում գլխիս քարոզներ կարդալու, նոյնիսկ ժամհար Կարապետը։
Քեռիս միայն ասում էր․ — Մեծ տղայ ես, աչքաբաց եղիր, տե՛ս ինքդ, քննիր, որի վատ է — երես դարձրու, որը լաւ է — օրինակ վերցրու։
Իսկ տեսնելու եւ քններլու շատ բան կար այդ նոր միջավայրում, նոյնիսկ եթէ քեռուս խանութից դուրս էլ չգայի։ Այնտեղ գալիս էին ամէն դիրքի եւ տեսակի մարդիկ։
Բայց կար մեկը, որ շուտով պիտի դառնար իմ խնամատարը։ Քեռիս ամենից աւելի նրա հետ էր բաժակ բաժակի զարկում։
Դա մի արագաշարժ եւ արագախօս մարդ էր, որին կոչում էին Կարկուտ Գասպար։ Տարօրինակ էր այդ մարդու կերպարանքը։ Նրա սեւ ու խիտ միրուքը սկսւում էր ուղիղ աչքերի տակից եւ ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը, տարածւում էր ամենուրեք։ Նրա գլխի թանձր մազերը նեղ ճակատի վրա գրեթէ միանում էին թաւ ունքերի հետ։ Մինչեւ անգամ նրա մսալի քթի եւ ուռած կոպերի վրայ մազեր կային, իսկ ականջների ծակերը ծիծեռնակի բների էին նմանւում։