«Աշխարհի յոթ հրաշալիքները»
Այդպես են անվանում հին ժամանակներում փառաբանված շինություններն ու արձանները: Ցավոք, մարդկային մտքի և հմուտ ձեռքերի այդ հրաշալի ստեղծագործություններից մեզ հասել են միայն եգիպտական բուրգերը` հին եգիպտական թագավորների, փարավոնների դամբարանները։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվում է սրագագաթ, սպիտակ ու դեղին արհեստական լեռների երկար մի շղթա: Դրանք էլ հենց եգիպտական բուրգերն են: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգը, որ 147 մ բարձրություն ունի, կառուցվել է մոտ 5 հզ տարի առաջ, մեր թվականությունից առաջ 28-րդ դարում: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։ Այս փարավոնին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտված քարե մի պահապան։ Մարդու դեմքով և առյուծի մարմնով այդ պահապանը կոչվում է Սֆինքս։ Մարդու պես իմաստուն և առյուծի պես ուժեղ Սֆինքսի կերպարը սնահավատներին վախ էր ներշնչում, և մարդիկ նրան սարսափի հայր էին անվանում:
«Աշխարհի հրաշալիքներից» մյուսը Շամիրամի կախովի պարտեզներն են, որ գտնվում էին հին Արևելքի ամենամեծ ու ամենահարուստ քաղաքում` Բաբելոնում: Ավանդությունն այդ պարտեզների ստեղծումը կապում է Շամիրամ թագուհու անվան հետ։ Իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով, մեր թվականությունից առաջ 6-րդ դարում: Այդ թագավորն իր պալատը կառուցել էր վեց հարկանի տան բարձրություն ունեցող արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էին աղյուսե կամարների վեց շարքեր` վեց կամարասրահներ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և ծաղկուն պարտեզ էր գցված: Գիշեր-ցերեկ հարյուրավոր ստրուկներ պտտում էին կաշվե դույլերով հսկայական անիվները` Եփրատ գետից ջուր տանելով կախովի պարտեզներին:
Երրորդ «հրաշալիքը» համարվել է հունական աստվածուհի Արտեմիսի տաճարը Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Այն կառուցվում էր գրեթե 120 տարի, մարմարից և ավարտվել է մեր թվականությունից առաջ մոտ 550 թ.: Տաճարը փառաբանված էր իր հոյակապ զարդաքանդակներով և թանկարժեք իրերի առատությամբ: Մեր թվականությունից առաջ 356 թ ոմն Հերոստրատոս, փառամոլության տենչով բռնված, հրկիզել է տաճարը։ Նրա անունն ընդմիշտ մնացել է իբրև անմիտ չարագործության խորհրդանիշ:
Հունաստանի հարավում, օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիայի մի տաճարում էր գտնվում հին հույների գերագույն աստված Զևսի արձանը։ Օլիմպիական Զևսին կերտել է մեծանուն քանդակագործ Ֆիդիասը ավելի քան 2 հզ տարի առաջ, մեր թվականությունից առաջ 5 րդ դարում: Դա չորրորդ «հրաշալիքն» է: Վիթխարի տասնչորս մետրանոց Զևսը բազմած էր ոսկեհուռ փղոսկրով, սև փայտով ու թանկագին քարերով ընդելուզված գահին: Նրա գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը: Ահեղ աստծու խաղաղասիրության նշանը` գլուխը, ուսերը, ձեռքերը կուրծքը փղոսկրից էին: Ձախ ուսին նետած թիկնոցը, մազերն ու մորուքը քանդակված էին ոսկուց: Ֆիդիասը Զևսին օժտել էր մարդկային վեհությամբ։ Գանգուր մորուքով ու մազերով բոլորված նրա դեմքը միաժամանակ թե՛ խիստ էր, թե՛ բարի: Թվում էր` ուր որ է նա կժպտա, կելնի գահից և կշտկի հզոր ուսերը:
Փոքր Ասիայում, Կարիայի թագավորության մայրաքաղաք Հալիկառնասում (այժմ Թուրքիայի Բոդրում քաղաք) էր գտնվում հինգերորդ «հրաշալիքը»՝ Մավսոլոս թագավորի հոյակերտ դամբարանը, որ կառուցել էր նրա այրին` Արտեմիսիա թագուհին, մեր թվականությունից առաջ 4-րդ դարի կեսին: Դա մի եռահարկ շինություն էր: Առաջին հարկը գոտևորում էր սպիտակ մարմարե բարձրաքանդակների ժապավենը, երկրորդ հարկը մարմարե սլացիկ սյունաշար էր, իսկ երրորդ հարկը բրգաձև տանիքն էր` նույնպես մարմարից։ Կառույցը պսակում էր քառանժույգ մարտակառքը, որ վարում էին մարմարակերտ Մավսոլոսն ու Արտեմիսիան (Մավսոլոսի և նրա կնոջ՝ Արտեմիսիայի արձանները, ինչպես նաև` դամբարանի այլ զարդարանքներ այժմ պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում):
Մեր թվականությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց զորապետ Դեմետրիոսը: Սակայն նրան