Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չհաջողվեց հաղթել ազատասեր հռոդոսցիներին։ Ի հիշատակ կղզու հաջող պաշտպանության, հռոդոսցիները որոշեցին կանգնեցնել աշխարհի ամենամեծ արձանը։ Դա վեցերորդ «հրաշալիքն» է, որ հայտնի է Հռոդոսի կոթող անունով։ Ծովի և քաղաքի դարպասների միջև ընկած առևտրական հրապարակում կանգնած էր 36 մ հասակով բրոնզե մի պատանի։ Նրա հզոր ոտքերը փոքր ինչ բացված էին, իսկ աջ ձեռքի ափը հովանի էր արված աչքերին։ Թեթևակի ետ հակված նա նայում էր հեռուն։ Գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը։ Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում։ Հնարավոր է նաև, որ արձանն ունեցել է այն տեսքը ինչպես պատկերված է նկարում։

Ձեզ բոլորիդ հայտնի «փարոս» բառը առաջացել է «աշխարհի յոթերորդ հրաշալիքից»։ Նեղոս գետի գետաբերանում գտնվող Փարոս կղզում, Ալեքսանդրիա քաղաքի մոտ, մեր թվականությունից առաջ մոտ 280 թ կառուցվեց հին Ժամանակների ամենամեծ փարոսը։ Այդ եռահարկ աշտարակի բարձրությունը 120 մ էր։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։

Շամիրամի կախովի պարտեզները ոչընչացել են Եփրատ գետի հեղեղումներից։ Արտեմիսի տաճարը վերականգնվել է, հետո նորից կործանվել։ Զևսի արձանն այրվել է։ Մավսոլոսի դամբարանը 15-րդ դարում քար առ քար քանդեցին խաչակիրները ամրոց կառուցելու համար։ Հսկա կոթողը տապալվեց երկրաշարժից։ Նույն բախտին արժանացավ նաև Ալեքսանդրիայի փարոսը։ Եվ միայն բուրգերը մնացին կանգուն։ Զուր չեն ասում, թե նրանցից վախենում է ժամանակն ինքը։

Եվ չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բուրգերից բացի, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար։ Եվ հնուց ի վեր ընդունված է մարդկային ձեռքի ամեն մի հոյակերտ ստեղծագործություն, որ բոլորին ապշեցնում է իր գեղեցկությամբ անվանել «աշխարհի ութերորդ հրաշալիք»։

«Աշխարհի յոթ հրաշալիքների» մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գիրքը.

Նեյխարդտ Ա. Ա., Շիշովա Ի. Ա. Աշխարհի յոթ հրաշալիքնեը «Լույս» Ե 1964


Աշորա

Սովետական Միությունում աշորայի (տարեկանի) հացն օգտագործում են շատ վաղուց։ Այդ պատճառով էլ աշորան մեր ցանքատարածություններում զբաղեցնում է երկրորդ տեղը ցորենից հետո։ Աշորան մյուս հացազգիներից ավելի շատ նման է ցորենին։ Սակայն նրանց կարելի է տարբերել ծիլերով․ աշորայի փոքրիկ ծիլերն ունենում են չորս, իսկ ցորենինը միայն երեք արմատի։ Աշորայի ծիլերի առաջին իսկական տերևիկները կարմրավուն են, իսկ ցորենինը վառ կանաչավուն։ Բայց ամենից շատ աշորան ցորենից տարբերվում է ծաղիկներով և հասկերով։ Աշորայի ալյուրը մուգ գույնի է հացը սննդարար և համեղ։ Սովետական Միության հացի գործարաններում թխում են աշորայի հացի շատ տեսակներ օրլովյան սեղանի եփած բորոդինյան և այլն։

Աշորան շատ հետաքրքիր պատմություն ունի։ Մշակովի աշորան սերում է դաշտամոլախոտից, որը մի ժամանակ աղտոտում էր աշնանացան ցորենի ցանքսերը։ ԼԵռնային շրջանների խստաշունչ պայմաններում ցորենը ցրտերին ավելի քիչ էր դիմանում, քան դաշտամոլախոտը՝ վայրի աշորան։ Այդ վայրերում նա աստիճանաբար դուրս մղեց «փափկասուն» ցորենին․ ժամանակի ընթացքում աշորան սկսեցին մշակել աշխարհի շատ երկրներում։

Աշորան ցորենի հետ եվրոպական հարթավայրեր է բերվել Հարավ-Արևմտյան Ասիայից։ Այստեղ ցրտադիմացկուն և արժեքավոր այդ հացաբույսը լայնորեն տարածվեց։

Աշորան ցանում են հիմնականում ամռան վերջին։ Դա աշնանացան աշորան է։ Ուշ աշնանը նրա դաշտերը զմրուխտ են հագնում։ Մատղաշ բույսերը չեն վախենում ցրտից և լավ ձմեռում են ձյան տակ։ Գարնանը խոնավ հողում աշնանացան աշորան միանգամից հասակ է առնում։ Աշորան տալիս է ոչ միայն հացահատիկ։ Նրա ծղոտն օգտագործվում է որպես կեր և կենդանիների տակի փռոց (ցամքար)։ Նրանից պատրաստում են թուղթ և ուրիշ իրեր։