Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է բեմական խոսքն ունի երկխոսության բնույթ, դերասանն իր խոսքով շփման մեջ է մտնում ոչ միայն հանդիսասրահի (ինչպես ասմունքողը), այլև իր խաղընկերների հետ, ուստի և նա պետք է տիրապետի երկխոսություն վարելու, խոսքի միջոցով կերպար ստեղծելու վարպետությանը:

Իսկ ի՞նչ տարբերություն ասմունքի և արտասանության միջև, եթե երկուսն էլ պետք է խոսքը հնչեցնեն հստակ, իմաստալից, զգացմունքով հագեցած: Այո, այդպես է, բայց տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արտասանությունը ենթադրում է գրական երկի վերամբարձ բարձրաշունչ մատուցում, ասմունքը՝ պատմողական մատուցում, որի ընթացքում դեպքեր են գալիս ու անցնում, բնավորություններ են գծագրվում։ Ահա թե ինչու այդօրինակ ասմունքը կոչում են «մի դերասանի թատրոն», որի վարպետն էր Սուրեն Քոչարյանը:


Աստիճանացանց

Աշխարհագրական քարտեզը և գլոբուսը, ասես, պատած են նուրբ ցանցով։ Ի՞նչ ցանց է դա: Եվ ինչի՞ համար է անհրաժեշտ: Դա Երկրի աստիճանացանցն է: Այն կազմված է միջօրեականներից և զուգահեռականներից, որոնք բաժանված են աստիճանների։

Միջօրեականները «փաթաթվում» են Երկրին, հատվելով Երկրի բևեռներում՝ Հյուսիսային բևեռում և Հարավային բևեռում։ Բոլոր միջօրեականները նույն երկարությունն ունեն: Լոնդոնում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով անցնող միջօրեականը գիտնականներն ընդունում են որպես սկզբնական միջօրեական (0°): Դրանից են սկսում միջօրեականների հաշվարկը: Ըստ միջօրեականների՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը։ Գրինվիչի միջօրեականից արևելք ընկած բոլոր վայրերն ունեն արևելյան երկայնություն, իսկ արևմուտք ընկածները՝ արևմտյան երկայնություն:

Զուգահեռականները «գոտևորում» են Երկիրը: Ի տարբերություն միջօրեականների, դրանք չեն հատվում և ունեն տարբեր երկարություն. որքան հեռու են բևեռներից, այնքան երկար են: Ամենաերկար զուգահեռականը կոչվում է հասարակած և ունի 40 075 160 մ երկարություն։ Հասարակածը հավասար հեռավորության վրա է գտնվում բևեռներից և Երկիրը բաժանում է Հյուսիսային ու Հարավային կիսագնդերի: Զուգահեռականների հաշվարկը կատարվում է հասարակածից: Ըստ զուգահեռականների որոշում են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը։ Երկրի մակերևույթի հասարակածից հյուսիս գտնվող բոլոր կետերն ունեն հյուսիսային լայնություն, հարավ գտնվողները՝ հարավային լայնություն: