Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավստրիային սեփական հացահատիկը չի բավարարում, ուստի նա հացահատիկ է գնում ուրիշ երկրներից: Երկրում նավարկելի միակ գետը Դանուբն է։ Ավստրիայում զարգացած է արդյունաբերությունը: Նրա գործարանները և ֆաբրիկաները թողարկում են բարձրորակ շատ սարքեր ու մեքենաներ, գործվածքներ ու թուղթ: Երկրի ընդերքից արդյունահանում են մագնեզիտ, նավթ, գազ, տարբեր մետաղների հանքաքարեր։ Այստեղ, Ավստրիայում են ապրել և աշխատել նշանավոր կոմպոզիտորներ Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, Շտրաուսը, Բրամսը։ Ավստրիացիների ազգային մեղեդիներն են վիեննական վալսերը` իոդլները (երգեր, որ կատարում են շատ բարձր նոտայով, ձայնի ուժեղ թրթռումով): Տոներին կազմակերպվում են նվագախմբերի մրցույթներ, քաղաքների հրապարակներում ժողովուրդը մինչև ուշ գիշեր պարում է ու երգում։ Տարեկան մոտ 7 մլն. օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելում Ավստրիա, գրեթե նույնքան, որքան տեղի բնակչությունն է։ Նրանք դահուկասահքի են ելնում Ալպեր, բուժվում բուժիչ ջրերով տարբեր առողջարաններում, այցելում հին դղյակներ ու թանգարաններ: Հատկապես շատ թանգարաններ, հինավուրց պալատներ ու զբոսայգիներ կան Վիեննայում` Ավստրիայի մայրաքաղաքում և արդյունաբերական խոշոր կենտրոնում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրիան դարձավ հիտլերյան