հեռավորություններից լսել ու դիտել ռադիո և հեռուստահաղորդումները։ Երկրի արհեստական արբանյակները մարդկանց հրաշալի օգնականներն են: Երկրի արհեստական արբանյակների հատուկ տարատեսակներն են «Սալյուտ» (ՍՍՀՄ) կամ «Սքայլաբ» (ԱՄՆ) տիպի ուղեծրային կայանները: «Սալյուտ»-ներից մեկի մոդելը կարելի է տեսնել Մոսկվայում, ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում: Ուղեծրային կայաններն այնպիսի չափեր ունեն, որ գիտափորձի ժամանակ այնտեղ կարող են ապրել և աշխատել մի քանի տիեզերագնաց: Ուղեծրային կայանի և Երկրի կապն իրականացվում է «Սոյուզ» տիպի տիեզերանավով: Այդ կայանների սարքերը կարող են աշխատել ինքնուրույն, ավտոմատորեն: Նախատեսվում է ապագայում ստեղծել էլ ավելի խոշոր կայաններ: Դրանցից մի քանիսում, սեփական առանցքի շուրջ պտտման միջոցով կստեղծվի կենտրոնախույս ուժ, արհեստական կշիռ: Գոյություն ունեն նույնիսկ այնպիսի նախագծեր, ըստ որոնց Երկրի «շրջակայքում» ստեղծվելու են ուղեծրերով պտտվող խոշոր քաղաքնե հազարների հասնող ազգաբնակչությամբ: «Եթերային քաղաքների» մասին Կ. է. Ցիոլկովսկու գաղափարները հետզհետե մարմնավորում են ստանում:
Արգելանոց
Տարեցտարի երկրագնդի վրա ավելի ու ավելի սակավաթիվ են դառնում բնության անձեռնմխելի մնացած անկյունները, ուր կարելի է տեսնել կուսական անտառներ, տափաստաններ կամ անապատներ։ Որպեսզի պահպանվեն բնության այդ տիպական կամ հազվադեպ հանդիպող տեղամասերն իրենց բուսական ու կենդանական ողջ աշխարհով, պետությունը դրանք դարձնում է արգելանոցներ: Արգելոցի տարածքն ընդմիշտ կմնա իր բնական տեսքով և ապագա սերունդները հնարավորություն կստանան այստեղ բնությունը տեսնելու իր ողջ գեղեցկությամբ ու հարստությամբ: Արգելանոցներն ամենից առաջ գիտական լաբորատորիաներ են բնության մեջ։ Այստեղ գիտնականներն ուսումնասիրում են մարդու ձեռքով չփոփոխված բնության բարդ օրենքները: Սովետական Միությունում ստեղծվել են շուրջ 120 արգելանոցներ, որոնք տեղավորված են մեր հայրենիքի բոլոր բնական գոտիներում։ Յուրաքանչյուր արգելանոցում կան հատկապես արժեքավոր օբյեկտներ, որոնց պահպանությանը հատուկ ուշադրություն է դարձվում։ Օրինակ, Կանդալակշայի արգելանոցում պահպանվում են թռչնաշուկաներն ու այդերուկների բնադրավայրերը: Այդ թռչնի աղվամազը բարձր է գնահատվում։ Բայկալ լճի ափին է գտնվում Բարգուզինյան արգելանոցը` սամույրի պահպանման հիմնական վայրը: Բելովեժյան թավուտում շատ են կճղակավոր կենդանիները` եղջերուներ, վարազներ, այծյամներ, ազատության մեջ ապրում են անտառի հսկաները զուբրերը (վայրի ցուլ): Վորոնեժի արգելանոցում հաջողվել է պահպանել ու բազմացնել կուղբեր։ Ուկրաինայի տափաստաններում է գտնվում Ասկանիա Նովա արգելանոցը, որտեղ կարելի է տեսնել փետրախոտե տափաստանի՝ ողջ Եվրոպայում անձեռնմխելի մնացած միակ հողակտորն իր կենդանական աշխարհով: Կովկասի լեռնալանջերին գտնվող արգելանոցում ազատ արածում են վայրի այծերի և քարայծերի հոտեր, կիրճերում կան թռչունների հազվադեպ տեսակներ։ Իսկ Կասպից ծովի ափին Կզըլ Աղաջի արգելանոցում, ձմեռում են բադերի, սագերի և կարապների երամներ, որպեսզի գարնանը վերադառնան իրենց բնադրման վայրերը` հեռավոր տունդրա։ Հարավային Թուրքմենիայում Բադխիզի արգելանոցի լայնարձակ տարածություններում բնակվում են նրբագեղ այծքաղները, ջեյրանները, վայրի էշերը, կուլանները: Փորձառու բնախույզն այս