Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղ կարող է հանդիպել նույնիսկ այնպիսի հազվադեպ կենդանիների, ինչպես ընձառյուծն ու շնագայլը։

Հայաստանում ստեղծված Խոսրովի արգելանոցն ունի հարուստ բուսածածկույթ։ Այստեղ ազատության մեջ արածում են հայկական մուֆլոնները (վայրի ոչխար) և բեզոարյան այծերը։ Լայնատերև իլենիների, արոսենիների ստվերում հանգստանում են գորշ արջն ու գորշուկը, հանդիպում են վարազներ, լուսաններ, ընձառյուծներ։ Գիհու նոսր անտառներում և կաղնուտներում իրենց բույնն են հյուսում սպիտակագլուխ անգղներն ու գառնանգղները։ Օդում ճախրում են ճերմակաթև ճայերը։ Այս արգելանոցում կարելի է տեսնել բնության մեջ հազվադեպ հանդիպող սև ցիների։

Մեր հանրապետության մյուս՝ Դիլիջանի արգելանոցի լայնարձակ տարածություններում փռված են հաճարենու, կաղնու, բոխու, լորենու, հացենու գեղեցիկ անտառները, կարմրածառի (մահիկի) պուրակները, ուր կլիմայավարժեցվում են Հեռավոր Արևելքից բերված ուսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։ Անտառի թավուտում բնակություն են հաստատել գորշ արջն ու այծյամը, լուսանն ու անտառային կատուն։ ճյուղից ճյուղ են թռչկոտում պարսկական սկյուռները։ Հանդիպում են գորշ կաքավների, անտառային կտցարների, աղավնիների երամներ։

Շատ արգելանոցներ են ստեղծվել նաև աշխարհի ուրիշ երկրներում, ուր դրանց հաճախ անվանում են ազգային պարկեր։ Օրինակ Արևելյան Աֆրիկայի սավաննաներում տասնյակ կիլոմետրերով ձգվում է Սերենգետի ազգային պարկը։ Սավաննայի կանաչապատ տարածություններում տարածում են գնու այծքաղների, զեբրերի գոմեշների խոշոր հոտեր։ Ակացիաների ստվերում օրվա տապից թաքնվում են առյուծները։ Թփուտներով ծանրումեծ անցնում են հսկա փղերը՝ պոկռտելով ծառերի տերևները։ Ահա ակացիաների ամենաբարձր տերևներն է կրծոտում երկարավիզ ընձուղտը:

Խոժոռ ռնգեղջյուրներն արածում են բացատներում, իսկ ծանրամարմին ու ալարկոտ գետաձիերն ամբողջ օրը պառկած են ջրում։ Արագավազ հեպարդները հետապնդում են այծքաղներին, զարգացնելով ժամում ավելի քան հարյուր կմ արագություն։ Իսկ ընձառյուծը որսի վրա հարձակվում է դարանից: Ահա նա բռնեց այծքաղին և նրա հետ մագլցեց ծառը, որպեսզի ոչ ոք չխանգարի նրան հանգիստ ճաշելու: Բազմաթիվ գունագեղ թռչուններ են ճախրում շուրջդ։ Ծառերի ճյուղերին պարկանման բներ են հյուսում թռչուն-ջուլհակիկները։ Հաճախ նույն ծառի վրա կարելի է տեսնել հարյուրավոր բներով մի ամբողջ «թռչնաքաղաք»: Ծառերի կատարին