Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հասել վարպետության բարձունքներին: Բայց ամենից հաճախ «արտիստ» (լատիներեն «արս»–«արվեստ» բառից) են անվանում դերասանին։ Արտիստը կարողանում է վերամարմնավորել պիեսների կամ ֆիլմերի բազմապիսի կերպարներ, ապրել նրանց կյանքով, գործել նրանց անունից։ Նա կարող է ընդօրինակել իր հերոսի ձայնը, նրա քայլվածքը։ Այսօր արտիստը խաղում է ժամանակակցի դեր, ապրում նրա ուրախություններով ու դժվարություններով, հոգսերով ու հաջողություններով։ Վաղը նա միջնադարյան ասպետ է կամ հեքիաթի թագավոր: Որպեսզի ամեն երեկո հանդիսատեսը հուզվի հերոսի ճակատագրով, հավատա նրան, արտիստը շատ է աշխատում, կարդում է բազմաթիվ պատմական գրքեր, շարունակ ուսումնասիրում մարդկանց, հիշողության մեջ պահում նրանց նկարագրի, շարժուձևի ուշագրավ գծերը: Այդ ամենը պետք կգա բեմում։ Չէ՞ որ արտիստը պետք է ամեն-ամեն բան իմանա այն մարդու մասին, որին պատկերում է ով է նա, ինչ է ուզում և ինչ է անում իր նպատակին հասնելու համար։ Միայն այն ժամանակ արտիստը լավ կհասկանա ամբողջ պիեսն ու նրա գլխավոր միտքը: Սովետական ականավոր ռեժիսոր Կ․ Ս․ Ստանիսլավսկու խոսքերով ասած, արտիստը պետք է «հոտառությամբ կռահի կյանքի ռիթմը, շարունակ որոնի ճշմարտությունը, պայքարի անարդարության դեմ»։ «Դերասանը հասարակական գործիչ է», նա առաջնորդում է հանդիսատեսին, դաստիարակում նրան, օգնում գիտակցելու սեփական թերություններն ու ընթանալու ճիշտ ճանապարհով։ Սովետական արտիստը սերտորեն կապված է ժողովրդին, նրան է նվիրում իր տաղանդն ու վարպետությունը։ Եվ ժողողովուրդը բարձր է գնահատում այդ։ Զուր չէ, որ ամենալավ դերասաններին, երգիչներին, ռեժիսորներին շնորհվում է «ՍՍՀՄ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը։ Գրիմը, զգեստը և դեկորացիան արտիստին օգնում են ավելի լավ ներկայացնելու իր հերոսին, խնդություն ու բերկրանք, ցավ ու կարեկցանք առաջացնելու հանդիսատեսի մեջ: Երբեմն արտիստ են անվանում նաև բժիշկներին, մանկավարժներին, դերձակներին, մարդկանց, որոնց մասնագիտությունը արվեստի հետ կապ չունի, բայց որոնք իրենց գործի մեծ վարպետներ են։

Արտույտ

Դեռ ցուրտ է, գրեթե ամենուրեք ձյուն է նստած: Թեև մարտյան արևը պայծառ փայլում է, բայց լավ չի ջերմացնում: Սակայն, արդեն գարուն է: Դրա ապացույցը թռչնի զրնգուն երգն է, որ տարածվում է երկնքից։ Երգչին տեսնելն այնքան էլ հեշտ չէ, որովհետև արևն աչք է կուրացնում։ Բայց առանց նայելու էլ կարելի է անմիջապես ասել, որ դա արտույտն է, գարնանային մեր ամենավաղ թռչուններից մեկը: Նա ՍՍՀՄ միջին գոտի է վերադառնում մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Ահա արտույտն ավելի ցած իջավ, և այժմ կարելի է մոտիկից զննել նրան: Փոքրիկ է, շագանակագույն մուգ պուտերով ու խալերով: Նման գունավորումը նրան օգնում է թաքնվելու թշնամիներից, երբ իջնում է գետին։ Արտույտն ապրում է միայն գետնին, ուր կեր է գտնում և բույն շինում: Նա հիանալի հարմարվել է այդ կյանքին․ ճանկերը երկար են և ուղիղ, հարմար խոտի վրա քայլելու: Եթե դուք պատահաբար արտույտի բույն գտնեք, շտապ հեռացեք, մի անհանգստացրեք թռչուններին: Այդ դեպքում հաջորդ գարնանը ոչ թե մեկ արտույտ, այլ արտույտների մի ողջ ընտանիք վնասատուներից կպաշտպանի դաշտերը և զրնգուն երգերով կուրախացնի մարդկանց: Դաշտային արտույտից բացի, որի մասին պատմեցինք, մեր երկրում ապրում են նաև տափաստանային, փուփուլավոր և այլ տեսակի արտույտներ։ Հայկական լեռնաշխարհում ապրում է 7 տեսակ, Ջավոլժիեում և Արևմտյան Սիբիրում կան սև արտույտներ։ Իսկ առհասարակ հայտնի է արտույտի 78 տեսակ։