Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արվեստի ինչ բարձունքներ է նվաճել իր տաղանդը:

Ադամյանը ծրագրել էր իր շեքսպիրյան դերակատարումներով շրջագայության մեկնել Վիեննա, Փարիզ, Լոնդոն` Եվրոպայի թատերասեր հասարակությանը ցույց տալու, թե հայ արվեստագետն ինչպես է ըմբռնում և մեկնաբանում շեքսպիրյան նշանավոր դերերը։

Սակայն ծրագրերը ծրագրեր էլ մնացին: Նախ նյութական աջակցություն չգտավ, հետո էլ՝ օրեցօր վատանում էր առողջությունը։ Թեև երիտասարդ` նա զգում էր, որ ուժերը դավաճանում են իրեն, չունի առաջվա կրակն ու ավյունը: Ամիսներով գամվեց անկողնին: Ադամյանի հիվանդության լուրը հասավ Թիֆլիս, որտեղ անմիջապես հանգանակությամբ դրամ հավաքվեց։ Պետերբուրգում կազմակերպվեց Ադամյանին նվիրված երեկո` հասույթը Պոլիս ուղարկելու համար: Ոչինչ չօգնեց: Անբուժելի հիվանդությամբ տառապող մեծ դերասանը վախճանվեց 42 տարեկան հասակում։ Նրան թաղեցին Կոստանդնուպոլսի Շիշլիի գերեզմանատանը:

Ադամյանը կատարել է շուրջ 300 դեր: Նրա դերակատարումների գլուխգործոցը Համլետն է, որի դերը առաջին անգամ նա է խաղացել հայ թատրոնում։ Նա վիթխարի ազդեցություն է ունեցել հայ թատրոնի կյանքում։ Ադամյանը նաև բանաստեղծ էր, գեղանկարիչ:


Ադրբեջան

(Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Դեպի Բաքու գնացող ջերմանավերի տախտակամածից գիշերը երևում են ծովի վրա սփռված կրակներ, ապա նավթային աշտարակներ արծաթափայլ հսկա պահեստարաններ ալիքներից վեր բարձրացող ցցագերաններին կառուցված երկհարկանի տներ։ Նավթային քարեր ավանն է դա. այստեղ խիզախ մարդիկ նավթ են հանում Կասպից ծովի հատակից:

Ադրբեջանի գլխավոր նավթահանքերը գտնվում են Ապշերոնյան թերակղզում` Բաքվի շրջանում նավթ են հանում շատ վաղուց։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը Բաքվի հյուսիս-արևելյան մասը կոչվում էր Սև քաղաք. սև էին նավթով ներծծված հողը գործարանների ծխից ու մրից աղտոտված երկինքը: Նավթային աշտարակների անտառ, ծուռումուռ նեղլիկ փողոցներ, մռայլ տներ, բանվորների զորանոցատիպ կացարաններ, կավաշեն տնակներ... Միայն քաղաքի կենտրոնում կային գեղեցիկ շենքեր

Սև Բաքուն այլևս չկա. Կանաչ այգիներ, կապույտ ծով ու երկինք` լուսավոր տներով, նոր թաղամասեր. ահա ժամանակակից Բաքուն, որն ունի մեկ միլիոնից ավելի բնակչություն: Այսօր Բաքուն Ադրբեջանի արդյունաբերական, գիտական և մշակութային ամենամեծ կենտրոնն է: Այստեղ են գտնվում բազմաթիվ խոշոր գործարաններ, հանրապետության գիտությունների ակադեմիան, համալսարանը, կոնսերվատորիան, ինստիտուտներ, թատրոններ և թանգարաններ:

Բայց այսօր Ադրբեջանը հռչակված է ոչ միայն նավթով. Հանրապետությունում արդյունահանում են գազ և երկաթի հանքաքար, ձուլում պողպատ, ստանում ալյումին, պատրաստում խողովակներ, մեքենաներ և հաստոցներ, արտադրում առանցքակալներ սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, պլաստմասսաներ, հանքային պարարտանյութեր։ Հսկայական գործարանների շուրջը նոր քաղաքներ են աճել։

Ընդարձակ դաշտավայրը, որով հոսում է Կուր գետը, շրջապատված է Կովկասյան լեռներով։ Փարթամ մարգագետիններում արածում են կոլտնտեսային ոչխարների ու այծերի հոտերը, կովերի գոմեշների ու զեբուների նախիրները: Կուրի մեջ է թափվում նրա վտակ Արաքսը:

Կուր-Արաքսյան դաշտավայրի կլիման շոգ է։ Անձրևներն այստեղ հազվադեպ են, ցանքսերին չի բավականացնում խոնավությունը: Շատ ջանք է թափել ադրբեջանական ժողովուրդը, որպեսզի հագեցնի արևախանձ տափաստանների ծարավը:

Հիմա երբ անցնում ես դաշտավայրով, արևը կուրացնում է աչքերդ` ցոլանալով ջրամբարների ու ոռոգիչ ջրանցքների հայելու մեջ։ Եվ հողը ծաղկել է վառ գույներով, ինչպես ադրբեջանական հանրահայտ գորգերը: Ոռոգվող հողում լավ են աճում բամբակենին, եգիպտացորենը: Շատ խաղող, թեյ, ծխախոտ մանդարին է տալիս արևոտ այդ երկիրը: Զարգացած է մետաքսագործությունը: Իսկ որքան նուռ, սերկևիլ, դեղձ, թուզ, սալոր են աճեցնում Ադրբեջանի այգեգործները։