Հնդկաստանից: Դքսի կալվածքը Բադմինթոն քաղաքի մերձակայքում էր, և այդ խաղն սկսեցին այդպես էլ անվանել: Մենք՝ հայերս, այն կոչում ենք փետրագնդակ: Բադմինթոնը նման է թենիսի: Խաղում են նույնպիսի հարթ և ամուր տոփանած խաղահրապարակում։ Բադմինթոնի ձեռնաթիակները 2—3 անգամ ավելի թեթև են, քան թենիսինը: Մրցակիցներին իրարից բաժանող ցանցը ձգվում է գետնից 155 սմ բարձրությամբ։ Զուգախաղի համար խաղահրապարակ 13.4x6.1 մ է, մենախաղի համար` 13.4x5.2 մ: Մրցակիցներից մեկը փոքրիկ փետրագնդակը ձեռնաթիակի հարվածով նետում է ցանցի վրայով, իսկ մյուսը, թույլ չտալով, որ այն գետնին դիպչի, ետ է մղում: Միավորները հաշվում են ինչպես վոլեյբոլի խաղի ժամանակ` մինչև 15-ը։ Կանայք և երեխաները խաղում են մինչև 11-ը. խաղը բաղկացած է լինում 3 կամ 5 փուլից: Առաջ փետրագնդակի դեր էր կատարում խցանից պատրաստված փոքրիկ գնդակը, որը ճախրում էր վրան պսակաձև ցցված սագի 16 փետուրների շնորհիվ: Այժմ փետրագնդակները պատրաստում են պլաստմասսայից փոքրիկ զամբյուղիկների ձևով: Հմուտ խաղացողը կարողանում է այնպես հարվածել փետրագնդակին, որ այն մերթ սահուն ցած է իջնում, մերթ էլ հանկարծակի ընկնում այնտեղ, ուր երբեք չէիր սպասի։ Եվ խաղն էլ ընթանում է գրավիչ, եռանդուն ու արագ։ Ցանկության դեպքում կարելի է խաղալ ուզածդ փոքրիկ բացատում, մարգագետնում, լողափին: Բադմինթոնը Հայաստանում տարածվել է 1960 թ.:
Բազմանկյուն
Մի անգամ Եռանկյունն ու Քառանկյունը սկսեցին վիճել: — Դու ինչ բազմանկյուն ես որ, — ասում է Քառանկյունը, — ընդամենը երեք անկյուն ունես: Երեքն ի՞նչ է որ։ Իսկ, այ, ես չորս անկյուն ունեմ -Հետո ի՞նչ,-նեղացավ Եռանկյունը,-փոխարենը եթե քո մեջ անկյունագիծ տարվի, բոլորը կտեսնեն, որ դու կազմված ես երկու եռանկյունուց: Լսեցին այդ վեճը երկու Տասնանկյուն և փորձեցին հաշտեցնել վիճողներին։ -Դուք երկուսդ էլ բազմանկյուն եք,- ասում է համարյա կլոր կոտրատված եզրերով ափսե հիշեցնող ուռուցիկ Տասնանկյունը։ –Ես էլ եմ բազմանկյուն, Քառակուսին էլ։ Շեղանկյունն էլ: Միայն թե մեզանից ամեն մեկը տարբեր քանակի անկյուններ ունի, բայց անպայման ունի: Այլ ոչ թե Շրջանագծի և շրջանի նման։ Մենք` բոլոր բազմանկյուններս, նաև կողմեր ունենք՝ որքան անկյուն, նույնքան էլ կողմ: Վեցանկյունը վեց կողմ ունի, Տասներկուանկյունը` տասներկու, բայց մենք դրա պատճառով երբեք չենք գժտվում Վեցանկյան և Տասներկուանկյան հետ: Բացի դրանցից, բոլոր բազմանկյունները պարագիծ ունեն, որն ստացվում է, երբ բոլոր կողմերը վերցվում են միասին։ Պարագիծը, կարելի է ասել, մեր հագուստն է, մեր եզրը։ Եվ բոլոր բազմանկյուններն էլ մարդկանց համար շատ օգտակար են։ Մեր օգնությամբ պատրաստում են մանրատախտակ և հախճասալիկ նախագծում տներ և հորինում նոր մեքենաներ Այնպես որ մենք՝ բազմանկյուններս, վիճելու պատճառ չունենք։ Հաշտվեցին Եռանկյունն ու Քառանկյունը: Տասնանկյունները նրանց հրաժեշտ տալիս հանեցին գլխարկները և մի ակ թարթ նմանվեցին տասնմեկանկյուններին: