Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխարեն «Սևերյանկայով», ինչպես սովորական սուզանավով, կարելի է նավարկել երկար ու հեռու: Ծովի կյանքը դիտելու համար այնտեղ կան դիտապատուհաններ և հեռուստացույց։ «Սևերյանկա» սուզանավի օգնությամբ սովետական գիտնականները բազմաթիվ հետաքրքիր հայտնագործություններ են կատարել:

Բալետ

«Կարապի լիճը»: Հնչում է Պ. Ի. Չայկովսկու հրաշալի երաժշտությունը և անմիջապես աչքիդ առջև հառնում է Կարապի լուսավոր կերպարը, նրա թախծալի և հպարտ թևածումը: Իսկ կարապի թևերն այդ պարուհու թրթռացող ձեռքեր են: Պ. Ի. Չայկովսկու «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ» բալետներում վերակենդանանում է վսեմ մի աշխարհ՝ լուսեղեն քնարականության, ռոմանտիկայի, սիրո աշխարհը։ Նրա մասին պատմվում է պարի օդեղեն ու բոցավառ լեզվով: Ամեն մի բալետ ունի իր մեծ թեմա–գաղափարը: Եվ բոլոր նրանք, ովքեր բալետ են գրում ու ստեղծում, այդ միտքն արտահայտում են յուրովի. կոմպոզիտորները` երաժշտությամբ, բալետմայստերները` հերոսների պարային «լեզվով»: Պ. Ի. Չայկովսկին «Քնած գեղեցկուհին» բալետի երաժշտության մեջ դիցանուշներ Սիրենայի և Կարաբոսի կերպարներում մարմնավորել է բարու և չարի պայքարի հավերժական թեման: Երաժշտության մեջ հնչում է բարու հաղթանակի լուսավոր հիմնը: Ս. Ս. Պրոկոֆևը «Մոխրոտը» բալետում փառաբանել է Մոխրոտիկի անարատությունն ու հմայքը, որն իր համեստությամբ, աշխատասիրությամբ ու բարությամբ հաղթահարում է բոլոր ձախորդությունները: Ա. Խաչատրյանը «Սպարտակ» բալետում ցասկոտ խարազանում է բռնությունն ու չարությունը և խանդավառ գովերգում ազատության հերոսական ձգտումը, հանուն նրա ժողովրդի գործած սխրանքի գեղեցկությունն ու վեհությունը: Ուրեմն, ի՞նչ է բալետը: Դա երաժշտաթատերական արվեստի բարդ տեսակ է: Նրա գլխավոր բաղկացուցիչ մասերն են սցենարը, երաժշտությունը և պարերը։ Պարը բալետի գեղարվեստական արտահայտչական գլխավոր միջոցն է: Պարի միջոցով պատմվում է բալետի բովանդակությունը, պարուհիներն ու պարողները պարով բացահայտում են գործող անձանց բնավորությունը, նրանց մտքերը, զգացմունքները, տրամադրությունն ու արարքները: Բալետում կարևոր նշանակություն ունեն նաև դեկորացիան, զգեստները, լուսավորությունը, որոնք ընդգծում են գործողության ժամանակն ու տեղը։ Ռուսական բալետի պատմության մեջ հետաքրքրաշարժ շատ էջեր կան: Նրա ակունքները ժողովրդական մերթ վեհ ու սահաքայլ, մերթ չարաճճի ու կրակոտ պարերի մեջ են: Բալետային ներկայացումները, ուր պարն ու երաժշտությունը միասնություն են կազմում, Ռուսաստանում սկսել են բեմադրվել 18-րդ դարի առաջին կեսից։ Իսկ 19-րդ դարում ռուսական բալետը տիպար դարձավ ողջ աշխարհի բալետի համար: Դրա համար այն շատ է պարտական հիանալի բալետմայստերներ Մ. Ի. Պետիպային և Մ. Մ. Ֆոկինին: Նրանց ստեղծագործական մտահղացումները մարմնավորել են փառաբանված պարուհիներ Ա. Պավլովան, Տ. Կարսավինան, պարողներ Վ. Նիժինսկին, Վ. Տիխոմիրովը և շատ ուրիշներ։ Այս մեծ ժառանգության հիմքի վրա էլ աճեց սովետական հրաշալի բալետը: Մեր երկրում և արտասահմանում հսկայական հաջողությամբ են անցնում բալետային խմբերի և առանձին մենակատարների՝ Սովետական Միության ազգային տարբեր հանրապետությունների ներկայացուցիչների, բազմաթիվ ելույթները։ Աշխարհի շատ երկրներում են սքանչանում սովետական բալետի արտիստների վարպետությամբ,