Հայ ժողովուրդը մեծ ցնծությամբ տոնում էր իր հաղթանակը: Բայց Սարդարապատում հաղթելուց հետո էլ ծանր էր մնում հայ ժողովրդի դրությունը: Նրա համար բախտորոշ նշանակություն ունեցավ 1920 թ. նոյեմբերը՝ Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն։
Հ. Բաղրամյանը կամավոր մտավ կարմիր բանակի շարքերը։ 1923 թ. նա հայկական հրաձգային դիվիզիայի հեծյալ գնդի հրամանատար էր։ Մի քանի տարի անց նրան ուղարկեցին Մոսկվա՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում սովորելու։ Այնուհետև ուսանում է Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում և ավարտում այն 1938 թ.։ Նրան պահում են նույն ակադեմիայում դասախոսական աշխատանքի, բայց հին ռազմիկը բանակ էր ձգտում։ Նա նշանակվում է Կիևի զինվորական օկրուգի 12-րդ բանակի շտաբի պետ։
Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Հայրենիքը ֆաշիստներից պաշտպանելու համար ոտքի ելավ սովետական ողջ Ժողովուրդը Հ. Բաղրամյանը մասնակցեց Կիևի համար մղված մարտերին, կռվեց Դոնի Ռոստովի համար, եղավ Մոսկվան պաշտպանող հարավ-արևմտյան զորքերի շտաբի պետ, իսկ 1942 թ. արդեն որպես 16-րդ բանակի հրամանատար մասնակցեց Կուրսկի ահեղ կռիվներին։
1943 թ. Բաղրամյանը նշանակվում է Առաջին մերձբալթյան ռազմաճակատի 209 հրամանատար, ստանում բանակի գեներալի աստիճան։ Նրա գլխավորած զորքերը մասնակցեցին Բելոռուսիայի և մերձբալթյան հանրապետությունների ազատագրմանը։ 1944 թ. Բաղրամյանին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։
Պատերազմը մոտենում էր ավարտին, Սովետական զորքերն արդեն կռվում էին հենց թշնամու հողում։
Հայրենական պատերազմի պատմության մեջ ոսկե տառերով է գրված Քյոնիգս–բերգ (այժմ Կալինինգրադ) քաղաքի՝ Արևելյան Պրուսիայի պաշտպանության ամրացված միջնաբերդի մոտ տարած դժվարին հաղթանակը։ Ֆաշիստները քաղաքն ամրացրել էին կրկնակի պատնեշով, երկաթբետոնե պատերով, ստեղծել խրամատների մի քանի շարք։ Նրանք պարծենում էին, թե ոչ մի ուժ, ոչ մի զորավար չի կարող գրավել քաղաքը։ Բայց Հ. Բաղրամյանը, որ այս անգամ գլխավորում էր Երրորդ բելոռուսական ռազմաճակատի զորքերը, ընկճվողներից չէր։ Նա հրամայեց պատրաստել Քյոնիգսբերգ քաղաքի մանրակերտը։ Եվ երբ սկսվեց գրոհը, ոչ միայն յուրաքանչյուր հրամանատար, այլև յուրաքանչյուր մարտիկ գիտեր իր անելիքը։ Հ. Բաղրամյանի ռազմական տակտիկայի շնորհիվ մեր զորքերը չորս օրում գրավեցին անառիկ համարվող այդ ամրոց-քաղաքը։
1945 թ. մայիսի 9-ին ավարտվեց պատերազմը Գերմանիան պարտվեց։ Ավարտվեց նաև բանակի գեներալ, Սովետական Միության հերոս Հ. Բաղրամյանի կյանքի պատերազմական շրջանը, որը նրա համար տևել էր ուղիղ 1418 լարված և անքուն օրեր ու գիշերներ։
1955 թ. Հ. Բաղրամյանը արժանացավ Սովետական Միության մարշալի բարձր կոչման, իսկ ծննդյան 80-ամյակի առթիվ նրան շնորհվեց Սովետական Միության հերոսի երկրորդ ոսկե աստղը։ 1981 թ. նրա ծննդավայր Կիրովաբադ քաղաքում (Ադրբեջանական ՍՍՀ) կանգնեցվեց հերոսի բրոնզե կիսանդրին։ Ականավոր զորավարի կուրծքը զարդարում էին նաև Լենինի՝ յոթ, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի երեք, Սուվորովի 1-ին աստիճանի երկու, Կուտուզովի 1-ին աստիճանի, սոցիալիստական տարբեր երկրների շքանշաններ ու մեդալներ։
1967 թվականից ամեն ամառ Ղրիմի Արտեկ ճամբարում սկսվում են «Փայլակ» ռազմամարզական խաղերը։ Խաղի սկսվելուց առաջ պիոներները միշտ տողանի