Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են կանգնում: Տարիներ շարունակ այդ շքերթը ընդունում էր «Փայլակի» գլխավոր հրամանատար, Սովետական Միության մարշալ Հ. Բաղրամյանը։ Կանգնում էր նա մեծ ու հաղթանդամ, տարիներից ու աշխատանքից մի քիչ հոգնած, բայց աչքերում սեր ու խանդաղատանք, և ընդունում էր պիոներների զեկույցը։ Եվ «Մի՛շտ պատրաստ» զնգուն պատասխանը լսելով, ժպտում էր մարշալը, ուրախանում, որ պաշտպանել է այս և հազարավոր այլ մանուկների երջանիկ ապագան։ Նրա սիրելի Հայաստանի մայր հողում հայրենի ջինջ, պայծառ ու խաղաղ երկնքի տակ ապրում է Զորավարի կաղնին՝ նրա կյանքի հավերժության կանգուն խորհրդանիշը:

Բամբակենի

Բամբակենին շատ արժեքավոր բույս է: Այն մեզ հիանալի մանրաթել է տալիս։ Բամբակի մանրաթելը մարդիկ սկսել են, հավաքել շատ ու շատ վաղուց, դեռևս մարդկային մշակույթի զարգացման արշալույսին, վայրի բամբակենուց: Եվ այդ հին ժամանակներից էլ սկսած բամբակը դարձել է մշակովի բույս: Ամենից առաջ այն սկսել են մշակել Հնդկաստանում, հետո` Չինաստանում, Եգիպտոսում: Հնդկաստանում ավելի վաղ, քան ուրիշ երկրներում, սովորեցին պատրաստել թեթև, նուրբ, «շղարշե» գործվածքներ, մուսլին և հոյակապ գունագեղ չթեր: Այժմ բամբակենին մշակում են Հնդկաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Բրազիլիայում և այլ երկրներում: Սովետական Միությունում բամբակենի աճեցնում են միջինասիական հանրապետություններում, ինչպես նաև` Անդրկովկասում (Ադրբեջանական ՍՍՀ-ում): Բամբակենին շատ է սիրում ջերմություն, արև, արգավանդ հող և խոնավություն։ Սովորաբար այն աճեցնում են արհեստական ոոոգմամբ։ Բամբակենու թփի բարձրությունը մեկ կամ մեկուկես մետր է, ծաղիկները խոշոր են, պտուղը 3-5 բնանի տուփիկ է (կնգուղ): Երբ պտուղը հասունանում է, նրա փեղկերը բացվում են, և նրանից դուրս է ցցվում սպիտակ, փափուկ մանրաթելի մի փոքրիկ զանգված: Եթե կնգուղից հանենք այդ փափուկ զանգվածն ու գզգզենք, ապա կտեսնենք բամբակե սերմերը: Վերցնենք մի սերմ: Այնքան էլ հեշտ չէ նրան ընդհանուր զանգվածից անջատելը։ Այն պատված է խճճված թելիկներով: Սկսենք բացել թելիկները: Պարզվում է, որ դրանք տարբեր երկարության շատ նուրբ թելիկներ են: Հենց դա էլ բամբակի մանրաթելն է, բամբակը։ Վուշի և կանեփի մանրաթելը գտնվում է ցողունների մեջ։ Իսկ այ բամբակենու մանրաթելը սերմերի վրա է: Մանրաթելը հավաքում են սերմերի հետ միասին, հիմնականում, բամբակահավաք մեքենաներով: Ընդ որում, հավաքում են մի քանի անգամ, որովհետև տուփիկները միաժամանակ չէ, որ հասունանում են: Հավաքված բերքը դեռևս բամբակի հումքն է։ Հատուկ մեքենաները սերմերի վրայից հեռացնում են մանրաթելը, որը հետո ուղարկվում է մանվածքային ֆաբրիկաներ։ Այստեղ բամբակը մանում են, իսկ մանածագործական ֆաբրիկաներում մանվածքից գործում են բամբակե գործվածքներ` չիթ, բատիստ, մարկիզետ, սատին, բումազե, տրիկոտաժ: Բամբակից են պատրաստված նաև ծածկոցներն ու խավոտ երեսսրբիչները, պլաստմասսան ու թաղանթանյութը (ցելյուլոզան), լուսանկարչական ժապավենն ու թուղթը։ Սակայն դա դեռ բոլորը չէ։ Նրանից են պատրաստում տեխնիկայում կիրառվող ամուր, դիմացկուն գործվածքները: Իսկ սերմերից ձեթ են քամում, որն օգտագործվում է պահածոների արդյունաբերության և մարգարինի արտադրության մեջ։ Բացի այդ, բամբակի ձեթը կիրառում են օճառ եփելու համար, նրանից ստանում են գլիցերին, բնաճարպ (ստեարին): Ձեթը քամելուց հետո մնում է քուսպը։ Սա արդեն լավ կեր է: Ձեթը քամելու ընթացքում առաջացած մյուս մնացորդներից անջատում են հանքաձյութ (գուդրոն), որն օգտագործում են ճանապարհային ամուր ծածկույթների և ջերմակայուն լաքեր պատրաստելու համար: Սերմերի կեղևը կիրառում են էթիլ և մեթիլ սպիրտների արտադրության մեջ: Ցողունը վառելանյութ է և շինանյութ։ Տերևներից կարելի է անջատել կիտրոնաթթու և խնձորաթթու: Բամբակենին նաև մեղրաբեր է, նրա ծաղիկներից նեկտար են քաղում մեղուները: Ահա թե ինչու բամբակենին շատ կարևոր տեխնիկական բույս է: Մեր երկրում նրա պլանտացիաներն ընդարձակվում են անապատից նվաճված նոր հողերի արհեստական ոռոգման շնորհիվ: