Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արզնիում, Գեղարդաձորում, Գորիսում, Խնձորեսկում, Վանում, Բագարանում, Անիում, Սասունում, Մանազկերտում։ Իսկ ցածրադիր վայրերում տարածված էր գետնափոր կամ կիսագետնափոր կացարանը։ Հայաստանի շատ շրջաններում մարդիկ կառուցում էին գերանակապ բրգաձև ծածկով տներ։ Այդ ծածկերը, որոնց կենտրոնում երդիկն էր, կոչվում են հազարաշեն կամ սողոմաքաշ:

Ծայր հյուսիսում, ուր ամեն կողմ ձյուն է ու սառույց, էսկիմոսներն իրենց կացարանները՝ իգլուները, կառուցում էին ձյունե աղյուսներից, իսկ պատուհանները՝ գետի սառույցի բեկորներից։ Որպեսզի տաք լիներ, խրճիթում փոկի ճարպի ճրագ էին վառում, հատակն ու պատերը ծածկում գազանի մորթով:

Անտառի բնակիչների վիճակն անշուշտ ավելի լավ էր։ Հաստ գերաններից կապված մամռով ու ծառի կեղևներով խծուծված նրանց խրճիթները հուսալիորեն պաշտպանում էին սառնամանիքից և գազաններից:

Իսկ տափաստաններում, ուր անտառները քիչ են, տները շինում էին կավից կամ կավի ու դարմանի՝ արևի տակ չորացրած խառնուրդից:

Շատ ժողովուրդներ տեղից տեղ էին թափառում՝ որսատեղ կամ արոտավայր գտնելու նպատակով և նրանց այնպիսի կացարան էր պետք, որ հեշտությամբ հավաքվեր ու փոխադրվեր:

Չուկոտյան յարանգան և նենեցական չումը պատրաստում են փայտե ձողերից, որոնց վրա ձգում են եղջերուի մորթի։ Չէ՞ որ չուկչիներն ու նենեցները եղջերվապահներ են։ Ղազախները, կիրգիզները և մոնղոլները վաղուց ի վեր ոչխարներ էին բազմացնում, դրա համար էլ ձողերից պատրաստված հիմնակմախքը նրանք ծածկում էին ոչխարի բրդի թաղիքով և ստացվում էր յուրդ ։