Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հյուսիսամերիկյան հնդկացիներից ալգոնկինները, որ անտառի բնակիչներ էին, ծառերի ճկուն բները խրում էին հողի մեջ, ծայրերը իրար կապում, ծածկում ճյուղերով, եղեգով կամ ծառի կեղևով և ստացվում էր վիգվամ: Իսկ սիու հնդկացիները, որ որսորդություն էին անում պրերիաներում, ապրում էին նենեցական չումերին նմանվող վրաններում` տիպիներում, միայն թե դրանք ծածկում էին բիզոնի մորթով: Հենացցերով տներում ապրում են նորգվինեական պապուասները և տաք երկրների շատ այլ բնակիչներ: Արմավենու տերևներով ծածկված բամբուկե (հնդկեղեգի) թեթև խրճիթները գետնից այնքան բարձր են, որ նրանց համար սարսափելի չեն ո՛չ հեղեղները, ո՛չ էլ գիշատիչ գազանները: Թշնամին անգամ չի կարող աննկատ մոտենալ նրանց բնակավայրին։ Ճապոնացի գեղջուկը իր տնակը շինում է բամբուկից, թղթից ու խսիրներից և ոչ միայն այն պատճառով, որ աղքատ է, այլև այդ կացարաններն առավել անվտանգ են երկրաշարժերի ժամանակ, որոնք հաճախակի են Ճապոնիայում: Հարավ-Արևելյան Ասիայում, որ շատ խիտ է բնակեցված և հողը չի բավականացնում տուն կառուցելու համար, մարդիկ ողջ ընտանիքով բնակություն են հաստատում նույնիսկ նավակներում, և այդպես էլ՝ մեծ ու փոքրով ձկնորսության են ելնում ծովի խորքերը։ Բայց այս բոլոր բնակարանները այնքան էլ հուսալի չեն և հաճախ են կործանվում հեղեղներից, փոթորիկներից ու երկրաշարժերից։ Պարզվում է, որ ամենադիմացկունները քարե կառույցներն են: Մինչև մեր օրերն են հասել մի քանի հազարամյակ առաջ կառուցված քարե տներ ու տաճարներ: Բայց քարե տները թանկ էին նստում, որովհետև քար կտրելն ու մշակելը հեշտ գործ չէր: Զուր չէ, որ հին ժամանակներում քարհանքերում աշխատում էին տաժանապարտներն ու ստրուկները: Եվ մարդ սկսեց որոնել այնպիսի մի շինանյութ, որը փոխարիներ բնական քարին: Սկզբում նա սովորեց կավե աղյուսներ թրծել, հետո ասպարեզ եկավ բետոնը` ներկայիս ամենատարածված շինանյութը։ Այժմ մարդու բնակարանը, որ կառուցվում է ամուր հիմքով, դիմացկուն պատերով ու տանիքով, հուսալի պաշտպան է քամուց, անձրևից ու ձյունից, իսկ երկաթբետոնե տները չեն վախենում անգամ երկրաշարժից: Այդպիսի տան բնակիչը կարիք չունի աղբյուրից կամ ջրհորից ջուր բերելու, քանի որ կա ջրմուղ, վառարան վառելու, կա գազ և կենտրոնական ջեռուցում, նավ թե լամպ օգտագործելու, կա էլեկտրականություն։ Այժմ մարդիկ գեղեցիկ քաղաքներ են կառուցում անգամ անապատներում, գյուղերում շինում են մեծ ու հարմարավետ տներ, Անտարկտիդայի սառցապատ տարածություններում` ավաններ և նույնիսկ ծովի հատակն են իջեցնում առաջին ստորջրյա տները:

Բնանկար

Ճահճոտ հարթավայրով հենց նոր սուրաց-անցավ փոթորիկը: Հեռվում դեռ մոլեգնում են անձրևն ու քամին, կապտագույն ամպերը լի են խոնավությամբ, ծանրացել են ծառերի ու թփերի թաց ճյուղերը: Բայց ահա հորիզոնում երկինքն սկսեց փայլել ջինջ կապույտով, երևաց արևը, օդը դարձավ մաքուր ու թափանցիկ, իսկ թաց մարգագետնի վրայով սահեցին ցրվող ամպերի ստվերները։ Փոթորկից խռովված բնությանն անդորր իջավ: Այս ամենը մենք տեսնում ենք 19-րդ դարի երկրորդ կեսի ռուս հայտնի բնանկարիչ Ֆ. Ա. Վասիլևի «Թաց մարգագետին» նկարում։ Նկարչի պատկերած բնանկարը անպաճույճ է ու հիասքանչ: Հիասքանչ է ոչ թե արտաքին փայլով, այլ` ճշմարտացիությամբ, իրականության պատրանքով։ Դա նկարչի ջերմորեն ու քնքշորեն սիրած հայրենի բնությունն է: Ցույց տալ բնությունն իր ողջ գեղեցկությամբ, միաժամանակ արտահայտելով մարդկային զգացմունքների ու ապրումների մեծ ու բարդ աշխարհը. ահա բնանկարչի գլխավոր խնդիրը: Բնանկարչությունը որպես ինքնուրույն ժանր միանգամից չէ, որ ձևավորվել է։ Սկզբում բնանկարը ֆոն է եղել դիմանկարների կամ պատմական տեսարանների համար: 16-17-րդ դարերում բնանկարը դարձավ կերպարվեստի ինքնուրույն ժանր։ Այդ ժամանակ առանձնապես հռչակված էին հոլանդական նկարիչների բնանկարները: 19-րդ դարում հանդես եկան բնանկարչության հայտնի վարպետները` անգլիացի նկարիչներ Թյոռներն ու Կոնստեբլը: