Ազոտ
Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով) կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ», որը հունարեն բառ է և նշանակում է «անկենդան»։ Սովորական լաբորատոր պայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած՝ գոյացնելով, օրինակ բորակ: Սա մարդուն հայտնի էր վաղուց և օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար: Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն անվանումը՝ «նիտրոգենիում», հայերեն՝ բորակածին:
Իսկ ինչպե՞ս է այնուամենայնիվ, մթնոլորտային ազոտը միանում ուրիշ նյութերի հետ։
Նախ ամպրոպների ժամանակ։ Կայծակը մի ակնթարթում այնպես է տաքացնում օդը, որ այդ մասում ազոտի մոլեկուլներն անմիջապես սկսում են բուռն կերպով միանալ թթվածնի, ջրածնի և այլ տարրերի մոլեկուլներին: Անձրևը լուծում է այդ միացությունները և նրանք անցնում են հողի մեջ:
Երկրորդ և սա բնության համար ամենագլխավոր ճանապարհն է՝ հողում գտնվող որոշ բակտերիաներ ազոտ են «որսում»։ Ի տարբերություն բույսերի և կենդանիների՝ սրանք ազոտը կլանում են անմիջապես օդից և նրանց օրգանիզմում այն միանում է այլ նյութերի հետ: