Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկավոր է մանրազնին կշռադատել մարդու կողմից բնության ամեն մի միջամտություն։ Բնության պահպանությանը առանձնապես մեծ նշանակություն է տրվում մեր երկրում` Սովետական Միությունում: Մեզ մոտ գոյություն ունեն բնության պահպանության մասին հատուկ օրենքներ, և ամեն մարդ պարտավոր է հետևել դրանց: Չէ՞ որ մեր սերունդներին էլ են անհրաժեշտ լինելու կանաչապատ տարածությունները, մաքուր ջուրը, թռչունների դայլայլը երկրի ողջ գեղեցկությունը: Մարդը երկրագնդի վրա արդեն ոչնչացրել է ավելի քան 270 տեսակի վայրի կենդանիներ։ Այն կենդանիները, որոնց ևս սպառնում է անհետացումը, ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության «Հագվագյուտ և անհետացող կենդանիների կարմիր գրքում»: Դրանք խնամքով պահպանվում են։ Այդ ցուցակի մեջ մտել են ոչ միայն անվնաս ու անօգնական կենդանիները, այլև հզոր ռնգեղջյուրն ու քամու պես սուրացող բծավոր հեպարդը։ Անհետացումն սպառնում է նույնիսկ վագրին և ոչ թե սոսկ այն պատճառով, որ նրա մորթին թանկ է գնահատվում, այլև որովհետև մարդը, նոր հողեր յուրացնելով, կրճատում է վայրի կենդանիների բնակության վայրերը: Օրինակ այնտեղ, ուր գարնանը անտառ են հատում, այլևս բնակություն չեն հաստատում զգուշավոր խլահավերը կամ երկչոտ աքարները, չեն զուգավորվում գեղեցիկ ցախաքլորները: Դրա համար էլ բոլոր երկրներում կան արգելանոցներ, վայրեր, ուր պահպանվում է կենդանիների և բույսերի բուսական աշխարհը։ Արգելանոցներում գիտնականներն ուսումնասիրում են բնռւթյան օրենքները: Բայց արգելանոցից դուրս էլ մարդը պետք է խելացի օգտագործի բնության հարստությունները` հողը, անտառը, ձկան, թռչունների ու գազանների պաշարները, որոնք անհրաժեշտ են իր սննդի և արդյունաբերության համար: Կենդանի բնության ուժերին մարդը պետք է օգնի վերականգվելու, իսկ դրա համար հարկավոր է խորապես ուսումնասիրել բնության օրենքները, բոլոր կենդանի օրգանիզմների առանձնահատկությունները: Ամեն ոք պետք է իմանա, որ մենք բոլորս սերտորեն կապված ենք բնության հետ և մեզանից յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխանատու է ներկայի և ապագայի առջև։ Բերենք սոսկ մի օրինակ: Մերձմոսկովյան վայրերում իսպառ անհետացել են բույսերի որոշ տեսակներ, և մեղավորները միայն զբոսաշրջիկներն ու հովեկներն են,