Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ ձերբակալել ու բանտ էր նետել երիտասարդ բոլշևիկին, սակայն չէր կարողացել ընկճել նրան։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխության ժամանակ Աթարբեկյանն Ալեքսանդրապոլում էր (այժմ՝ Լենինական) և տեղի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից էր։ Հետո տեղափոխվեց Աբխազիա, Սուխում, ուր այդ ժամանակ ժողովուրդը պայքարում էր սովետական իշխանություն հաստատելու համար։ Կրակոտ երիտասարդն անմիջապես ներգրավվեց այդ պայքարի մեջ և դարձավ տեղի բոլշևիկների ղեկավարներից մեկը:

Աբխազիայից Աթարբեկյանն անցավ Հյուսիսային Կովկաս, և այստեղ էլ ահա սկսվեց նրա գործունեությունն Արտակարգ հանձնաժողովի մարմիններում։ Նա նշանակվեց Աստրախանի երկրամասի Արտակարգ հանձնաժողովի նախագահ և հատկապես կարևոր դեր խաղաց նրա պաշտպանության գործում։ Գլխավորելով պայքարը քաղաքում բուն դրած լրտեսների ու դավաճանների դեմ և ցուցաբերելով մեծ խորաթափանցություն, հաստատակամություն ու անձնական խիզախություն, Աթարբեկյանը կարճ ժամանակում հայտնաբերեց և վերացրեց թշնամական ուժերը։

1921 թ․ փետրվարին, երբ կարմիր զորամասերը Հայաստանից անցան Վրաստան, որպեսզի օգնեն վրաց ժողովրդին սովետական իշխանություն հաստատելու, Հայաստանի հակահեղափոխական ուժերը խռովություն բարձրացրին և միառժամանակ գրավեցին Երևանն ու հանրապետության հարավային շրջանները։ Այդ օրերին Գ․ Աթարբեկյանը նշանակվեց Հայաստանի հյուսիսային շրջանների ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ, կազմակերպեց և գլխավորեց տեղի հակահեղափոխականների ջախջախումը։ Հետագայում հենց այդ շրջաններից էլ սկսվեց սովետական զորքերի հարձակումը և արդեն մայիսին Հայաստանը մաքրվեց խռովարարներից։

1925 թ․ մարտի 22-ին Աթարբեկյանն Ալ․ Մյասնիկյանի և պետական գործիչ Ս․ Մոգիլևսկու հետ Թիֆլիսից ինքնաթիռով պետք է թռչեր Սուխում՝ մասնակցելու Աբխազիայի սովետների համագումարին։ Ինքնաթիռն աղետի ենթարկվեց և նրանք զոհվեցին։ Սովետական մարդիկ վառ են պահում նրանց հիշատակը։

Աթարբեկյանի անունով են կոչվում բնակավայրեր փողոցներ։

Ալավերդյան Ստեփան Կարապետի

1888-1920

Օգոստոսյան գիշեր էր։ Երևանի վրա իջել էր հեղձուցիչ շոգը, իսկ բանտարկյալներով լեփ-լեցուն խցում շնչելու օդ չկար։ Միջանցքում ոտնաձայներ լսվեցին ապա ճռնչաց ժանգոտած դուռը և մթության մեջ մի խռպոտ ձայն կանչեց.

- Ալավերդյա՛ն, Մուսայելյա՛ն, Ղարիբջանյա՛ն, դու՛րս եկեք, տանում ենք հարցաքննության...

–Սուտ է, ընկերնե՛ր, ձեզ տանում են առանց դատի ու դատաստանի սպանելու, չգնաք,- այս ու այն տեղից լսվեցին բանտարկյալների ձայները։

Ալավերդյանը գիտեր, այդ ուստի կտրուկ հայտարարեց։

–Մենք մեր կամքով դուրս չենք գա։ Դուք միայն մեր դիակները կհանեք այս տեղից։

-Դե լավ, դուք դեռ կզղջաք,- սպառնալից ասաց նույն ձայնը։

Դուռը նորից ճռինչով փակվեց, ապա մարեցին հեռացող ոտնաձայները.

Եվ այսպես, ևս մեկ օրով երկարեց մեր կյանքը մտածեց Ստեփանը։ Բայց արդյո՞ք կհաջողվի ազատվել բանտից... Չէ՞ որ հաղթանակի օրը հեռու չէ, ահա ուր որ է կբացվի ազատության առավոտը։

16 տարեկան Ստեփանն արդեն կոմունիստական կուսակցության անդամ էր։ 1905 թ. առաջին ռուսական հեղափոխության ժամանակ նա ոչ միայն աշակերտական միտինգներ ու ցույցեր էր կազմակերպում