Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միջնադարում գրքերը ձեռագիր էին, գրում էին մագաղաթե թերթերի վրա: Որպեսզի թերթերը չծռմռվեին, մագաղաթները կարում էին միմյանց և ամփոփում կաշեպատ կամ լաթապատ փայտե կազմով։ Ստացվում էր մատյան։ Այդպես առաջացավ գրքի այն ձևը, որը մեզ համար այժմ սովորական է՝ 10-11 դարերից սկսած: Եվրոպայում գրելու հիմնական նյութը դարձավ թուղթը, որի պատրաստման եղանակը հայտնաբերվել էր Չինաստանում, դեռևս 1—2-րդ դարերում Հայաստանում թուղթը որպես գրելու նյութ սկսել են գործածել 8–9-րդ դարերից։

Մանրանկարներով զարդարված ձեռագիր գրքերը շատ թանկ էին: Վերջապես, 15-րդ դարում կատարվեց տպագրության գյուտը:

Հայերեն առաջին գրքերը եղել են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել են 5-րդ դարում, հայ գրերի գյուտից հետո: Մեզ հասած հնագույն ձեռագիր մատյանը 7-րդ դարում ստեղծված «Վեհամոր ավետարանն» է։ Նույնիսկ տպագրության գյուտից հետո էլ հայերեն ձեռագիր գրքերի ստեղծումը շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը: Ձեռագիր գիրքը կամ մատյանը գրվում էր մեկ օրինակ, մագաղաթի թերթերի վրա, ապա բազմացվում ընդօրինակմամբ։ Ընդօրինակողը կոչվում էր գրիչ։ Հայաստանում (Անի, Վաղարշապատ, Հաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ), Կիլիկիայում և հայ գաղթավայրերում (Լվով, Կաֆա, Վենետիկ և այլն) կային գրչության կենտրոններ՝ դպրոցներ, ուր ստեղծվում և ընդօրինակվում էին հայերեն ձեռագիր գրքեր։ Երբ գրիչն ավարտում էր երկի ընդօրինակումը, գրված էջերը հանձնվում էին զարդանկարչին, որը կոչվում էր ծաղկող: Նա մագաղաթների էջերի լուսանցքներում նկարում էր ձեռագրի բովանդակության այս կամ այն դրվագն արտահայտող պատկերներ, հաճախ էլ տարբեր բնույթի այլ նկարներ, խորաններ, զարդեր։ 13–14-րդ դարերի ձեռագիր մատյանների էջերում են ստեղծվել հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Գրված ու ծաղկեցված մագաղաթի թերթերն այնուհետև անցնում էին կազմարարի ձեռքը, որը դրանք կարում էր, կազմում, և այդպես ձեռագիրը գրքի կերպարանք էր ստանում: Տարբեր դարերից մեզ է հասել շուրջ 25 հզ. հայերեն ձեռագիր գիրք: Տասնյակ հազարներ էլ կորստյան և ոչնչացման են մատնվել օտար նվաճողների ձեռքով: Օրինակ՝ 1170 թ. սելջուկյան արշավանքների ժամանակ, Սյունիքի Բաղաբերդ ամրոցում ավարի է մատնվել շուրջ 10000 ձեռագիր գիրք: Հայերեն առաջին տպագիր գիրքը, որ կոչվում է «Ուրբաթագիրք», լույս է տեսել Վենետիկում (Իտալիա), 1512 թ. Հակոբ Մեղապարտի ջանքերով։ Ներկայումս աշխարհի տարբեր վայրերում լույս են տեսնում հարյուրավոր հայերեն գրքեր։ Հայկական ՍՍՀ-ում տարեկան տպագրվում է մոտ 1000 անուն գիրք։ Կատարելագործվել է նաև գրքերի ձևավորման, նկարազարդման արվեստը: Հայկական ՍՍՀ-ում ձեռագիր ու