Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավասար ընդունեցին գրողներ Վ. ժուկովսկին, Ս. Ակսակովը և ինքը՝ Պուշկինը: Գոգոլը մտերմացավ նաև հայտնի դերասան Մ. Շչեպկինի հետ: Այժմ արդեն կարելի էր ամբողջովին նվիրվել ստեղծագործելուն: Նա գրում է «Տարաս Բուլբա» վիպակը, որ պատմում էր Ջապորոժյան Սեչի փառավոր անցյալի մասին։ Մեծ քաղաքի կյանքից և գրասենյակային տաղտկալի ծառայությունից ստացած տպավորությունները հիմք դարձան «Պետերբուրգյան պատմվածքներ»–ի համար: Խեղճ ու բոլորից արհամարհված չինովնիկ Ակակի Ակակիևիչի մասին է «Շինելը» պատմվածքը:

Գոգոլի «Ռևիզոր» կատակերգությունն արդեն մարտահրավեր էր ցարական չինովնիկներին, որոնց գլխավոր օրենքն անօրինականությունն էր, թույլերին կեղեքելն ու ճնշելը, խաբելը, կաշառակերությունը: Ռուսաստանի առաջավոր մարդիկ բարձր գնահատեցին Գոգոլի համարձակությունն ու մերկացնող ծիծաղի ուժը: Այդ կատակերգությունը մինչև օրս էլ հաջողությամբ բեմադրվում է բազմաթիվ թատրոններում: Երկար տարիներ Գոգոլն ապրում էր հայրենիքից հեռու՝ Իտալիայում։ Բայց չէր դադարում մտածել Ռուսաստանի մասին, տառապել նրա համար և գրել նրա մասին: Իրեն հուզող բոլոր ցավոտ հարցերը նա արտահայտեց իր «Մեռած հոգիներ» պոեմանման վեպում։ Առաջին հայացքից թվում էր, թե Գոգոլը, ինչպես և առաջ, մարմնավորում է միայն ծիծաղելի հիմարների՝ ժլատ Պլյուշկինին, անտաշ ու թանձրամիտ Սոբակևիչին, անհոգ Նոզդրյովին, խարդախ Չիչիկովին: Բայց հանձինս այս ծաղրական կերպարների հառնում էր ցարական Ռուսաստանում տիրող կյանքի ճշմարտացի ու մերկացնող պատկերը.

–Աստված իմ, որքան տխուր է մեր Ռուսաստանը,- ասել է Պուշկինը Գոգոլի նոր գրքի առաջին գլուխներն ունկնդրելիս:

Գոգոլին շատ բարձր էր գնահատում մեծ գրող Վիլյամ Սարոյանը:

Գոգոլի գրքերը, որ միաժամանակ և՛ լուրջ են, և՛ թախծոտ, և՛ ուրախ, միշտ կապրեն: Մարդիկ գծուծ մարդու հանդիպելիս ասում են սա կատարյալ Պլյուշկին է, տեսնելով բութ և կոպիտ մեկին հիշում են Սոբակևիչին:

Բայց և այնպես, առաջին ծանոթությունն այս գրողի հետ սկսվում է «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածաշարով։ Աշխատի՛ր շուտ գտնել ու կարդալ այդ գիրքը:

Գոգոլի բազմաթիվ երկեր թարգմանվել են նաև հայերեն։ Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում կան ռուս մեծ գրողի անունը կրող փողոց և դպրոց։