Գոմեշ և յակ
Գոմեշներն ու յակերն ապրում են շատ երկրներում, միանգամայն տարբեր պայմաններում: Ընտանի գոմեշներ բուծում են Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Եվրոպայում, Սովետական Միությունում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում և Հյուսիսային Կովկասում: Հարավային երկրներում ցրտեր գրեթե չեն լինում, բայց դրա փոխարեն ձմռանը հաճախակի են հորդառատ անձրևները: Գետինը ցեխամած է դառնում, գոյանում են ցեխոտ ջրափոսեր: Եթե գոմեշներին չեն աշխատեցնում, ապա նրանք կարող են ամբողջ օրը հաճույքով պառկած մնալ ջրափոսերում։ Ջրիկ ցեխը զովացնում է մաշկը, իսկ երբ պետք է լինում վեր կենալ, կենդանու վրա ցեխը չորանում է, դառնում կավե կեղև և զրահի նման պաշտպանում նրան մակաբույծ միջատներից։ Գոմեշներով վար են անում, հեծնում, սայլերի լծում, նույնիսկ մրցավազք կազմակերպում։ Գոմեշների երկատված լայն կճղակները նրանց օգնում են քայլելու ցեխի և ճահճուտների միջով: Ընտանի յակեր բուծում են Ասիայում, այդ թվում և` Սովետական Միությունում: Բայց նրանց գրավում է ոչ թե թանձր ու տաք ցեխը, այլ լեռնային ձյուներն ու քարքարոտ, դժվարամատչելի կածանները: Օրինակ, հեռավոր Տիբեթի լեռներում, 3-4 հզ մ բարձրության վրա, ոչ մի ընտանի կենդանի չի կարող դիմանալ սառնամանիքին ու բքին, նոսր օդին։ Իսկ ահա յակերը, երկար եղջյուրներով գլուխները խոնարհած, կարող են բուլդոզերների նման հանգիստ ճեղքել-անցնել ձյան միջով: Գոմեշն ունի նոսր, կարճ մազածածկ, իսկ յակը` տաք մուշտակ: Ալիքաձև, երկարաթել բուրդը ծածկում է ողջ մարմինը և թավ ու լայն ծոպերի նման կախվում կողքերից ու կրծքից։ Եվ յակերը քայլում են, ասես, երկար շրջազգեստով կամ մինչև գետին հասնող սթարով: Վայրի յակերի «մուշտակի» գույնը ավելի հաճախ գորշ է, գրեթե սև, իսկ ընտանի յակերն ունենում են նաև գեղեցիկ, արծաթավուն բուրդ: Յակի համար ամենատհաճը շոգն է: Նույնիսկ ձյունապատ սարալանջերին նա ստվեր է փնտրում: Գոմեշներն ու յակերը միանման են պաշտպանվում թշնամուց նախիրը, հորթերին ներս առնելով, կանգնում է շրջան կազմած, և բոլոր հասուն կենդանիները խոնարհում են գլուխներն ու եղջյուրներն ուղղում են դեպի թշնամին։ Նման միասնական պաշտպանության առջև երբեմն ընկրկում են, անգամ, ձյան հովազն ու ջունգլիների տիրակալը վագրը: Վայրի յակեր արդեն գրեթե չկան: Վայրի գոմեշներ հանդիպում են Հարավային Ասիայում և Աֆրիկայում: Աֆրիկական գոմեշներն ապրում են սավաննաներում, ուր տեղ-տեղ կան խիտ թփուտներ և ծառեր։ Գոմեշների հիմնական թշնամիներն առյուծներն են: Նրանք հաճախ են հարձակվում հորթերի վրա: Շատ որսորդներ վայրի գոմեշին համարում են ամենավտանգավոր կենդանիներից մեկը:
Գորգ
Ավելի քան յոթ դար առաջ Ասիայի ճանապարհներով անցնում էր իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։ Նա այն խիզախներից էր, որին վիճակված էր ցրել Արևմուտքի և Արևելքի միջև եղած