վարձը տալիս նրա կնոջն ու որբացած երեխաներին։ Մեզանից հազար տարի առաջ ապրած մի բանաստեղծ է Գրիգոր Նարեկացին` գողտրիկ տաղերի, «Մատյան ողբերգության» հիասքանչ պոեմի և ուրիշ շատ գործերի հեղինակ, որին դնում են աշխարհի հանճարեղ բանաստեղծների կողքին: Նա ծնվել է Հայաստանի Վասպուրական աշխարհի Նարեկ գյուղում (այստեղից էլ նրա Նարեկացի անունը), հոգևորականի ընտանիքում, սովորել Նարեկա վանքում (հին ժամանակներում ուսում միայն վանքերում էին ստանում), դարձել հոգևորական: Հայ ժողովուրդը սրբացրել է Գրիգոր Նարեկացուն, իսկ նրա «Մատյան ողբերգության» պոեմը դարեր շարունակ կոչել է «Նարեկ» և այդ գրքին վերնագրել հոգեկան ու մարմնական ցավեր բուժելու մեծ զորություն։ Հովհաննես Թումանյանն այդ պոեմի մասին գրել է «Հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք»: Նարեկացին իր քնարական պոեմով սեր, մարդասիրություն, բարություն, ազնվություն է սերմանում մարդկանց հոգում, կոչում աշխարհի բոլոր մարդկանց լինել բարի ու անաղարտ, սիրել ու օգնել միմյանց, ձգտել կատարելության: Այս գաղափարները նա արտահայտել է հանճարի երևակայությամբ և բանաստեղծական բարձրաթռիչ պատկերներով ու համեմատություններով։ Մարդու հոգեկան ու մարմնական գեղեցկությունների և բնության հրաշալիքների նկարագրության մեջ Նարեկացու բանաստեղծական երևակայությունը սահմաններ չի ճանաչում և զարմանք ու ապշանք է հարուցում։ Կարդացեք Նարեկացու տաղերից այս հատվածը և ինքներդ կհամոզվեք:
Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ
Շրշում էին՝ հևքով հուշիկ
Գգվելով վարդ ու շուշանին
Շողշողում էր շուշանն հովտում,
Շողում էր դեմն արեգակի։
Հյուսիսային հովն հեզասահ
Հովհարում էր գիրգ շուշանին
Հարավային լեռների զով
Օդն էր ցողում ջինջ շուշանին
Ու շուշանն է լցվում շաղով,
Շող շաղով ու շար մարգարտով:
Գրիմ
Արտիստը պատրաստվում է բեմ ելնել նոր դերով: Զգեստն արդեն ընտրված է, հիմա հարկավոր է «վերափոխել» դեմքը: Արտիստը երկար տնտղելուց հետո իր համար կեղծամ է ընտրում, փորձում զանազան «ֆասոնների» բեղ կամ մորուք, կպցնում հատուկ պլաստիլինից սարքած քիթ ու բամբակե այտեր։ Ապա նա սկսում է ներկերով հարդարել դեմքը` գրիմ անել («գրիմը» ֆրանսերեն բառ է, որ նշանակում է «ներկել դեմքը»): Սկզբում արտիստը (կամ էլ դիմա հարդարը) ամբողջ դեմքը պատում է «ընդհանուր երանգով» և այն դառնում է երիտասարդ կամ ծեր, գունատ կամ թուխ: Ապա ներկում է աչքերը, շուրթերը, հոնքերը, որպեսզի իր դեմքի արտահայտաթյունն օժտի գործող անձի բնավորության գծերով, օրինակ, հպարտությամբ, տխմարությամբ, վեհանձնությամբ։ Նշանավոր երգիչ և արտիստ Ֆ. Ի. Շալյապինը Գունոյի «Ֆաուստ» օպերայում: Մեֆիստոֆելի դերերգը կատարել է իր ստեղծագործական ողջ կյանքում: Սկզբում, քանի դեռ երիտասարդ էր, Շալյապինն այդ դերում դիմահարդարվում էր հանդիսատեսի համար սովորական «օպերային» սատանայի տեսքով։ Տարիների հետ երգչի տաղանդն ավելի վառ էր դրսևորվում, ավելի արտահայտիչ էին