Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երաժշտական գործիչներ, կոմպոզիտորներ Ռոմանոս Մելիքյանի, Անուշավան Տեր Ղևոնդյանի Սարգիս Բարխուդարյանի և այլոց հետ, մեծապես նպաստեց երգչուհու արվեստագիտական և գեղագիտական մտահորիզոնի ընդարձակմանը: 1923 թ Հայկանուշ Դանիելյանն ընդունվում է Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոն, ուր մարմնավորում է ռուսական, արևմտաեվրոպական, ինչպես նաև` վրացական օպերային կերպարներ: Թբիլիսիում իր ծավալած արտիստական գործունեությանը զուգընթաց, մեծ երգչուհին սերտ կապերի մեջ էր մշակույթի հայ կենտրոնների հետ: 1932 թ նա տեղափոխվում է Սովետական Հայաստան, եռանդուն կերպով մասնակցում Երևանում օպերայի և բալետի թատրոն հիմնադրելու աշխատանքներին։ Ամբողջ 15 տարի հայ հանդիսատեսը մեծ հափշտակությամբ ունկնդրում էր Հայկանուշ Դանիելյանի դերերգերը: Ավելի քան քսան օպերային կերպարներ է մարմնավորել նա, որոնց շարքում, սակայն, անմոռաց պիտի մնա ազգային հոգու և նկարագրի տեր մեծ երգչուհու կերտած Անուշը Արմեն Տիգրանյանի համանուն օպերայում: Այս օպերայի վայելած համազգային համբավը սերտորեն կապված է Հայկանուշ Դանիելյանի և Սարոյի դերակատար Շարա Տալյանի անունների հետ։ Իր իսկ` երգչուհու խոստովանությամբ, նրա ողջ ստեղծագործական գործունեության մեջ «Անուշ» օպերան առանձնահատուկ տեղ է գրավում։ Բացի օպերային դերերգերից, մեծ երգչուհին կատարում էր հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների մոտ 300 երգեր և ռոմանսներ: Նա հատկապես խոր ներշնչանքով էր երգում «Ծիծեռնակ», Կոմիտասի «Ալագյազ բարձր սարին», «Չինար ես», «Ծիրանի ծառ», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր», «էս առուն» երգերը, Ա. Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Ռ. Մելիքյանի «Սև կաքավիկ» «Շափաղ կուտաս» ռոմանսները: 1939 թ Հ. Դանիելյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով և արժանացել ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհու բարձր կոչման: Հայկանուշ Դանիելյանի հիշատակը հավերժացնելու համար նրա անունով է կոչվել Երևանի երաժշտական դպրոցներից մեկը:

Դավիթ Անհաղթ

Վաղ միջնադարյան հայ ականավոր փիլիսոփա և գիտնական Դավիթ Անհաղթն ըստ ավանդության, ծնվել է Տարոն նահանգի Ներգին գյուղում: Այդ պատճառով էլ գրականության մեջ նա հայտնի է նաև Դավիթ Ներգինացի անունով։ «Անհաղթ» պատվավոր մականունը ստացել է գիտական վեճերում հաղթանակներ տանելու համար: Գիտության հանդեպ ունեցած սերը երիտասարդ Դավթին բերել էր Ալեքսանդրիա քաղաքը, որը հին աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից էր, հունական մշակույթի լավագույն ավանդույթների պահապանը վաղ միջնադարում: Այստեղ 6-րդ դարի առաջին կեսին Դավիթը սովորել, իսկ հետո երկար տարիներ փիլիսոփայություն է դասավանդել` իր շուրջը հավաքելով տարբեր երկրներից եկած աշակերտների: Փիլիսոփայական բանավեճերին մասնակցելու համար նրան հրավիրել են Աթենք և Կոստանդնուպոլիս, ուր նա միշտ փայլել է իր կուռ տրամաբանությամբ ու հռետորական ձիրքով։ Մեծ հռչակ վայելող փիլիսոփան ծեր հասակում վերադառնում է Հայաստան: Նա ստեղծում է իր դպրոցը և ծավալում բեղմնավոր գիտական ու մանկավարժական գործունեություն: Բազմաթիվ աշխատություններից, որ գրել է Դավիթ Անհաղթը, պահպանվել են միայն չորսը, այդ թվում` նրա ամենակարևոր երկը` «Սահմանք իմաստասիրության» («Փիլիսոփայության սահմանումները»): Նա առաջ է քաշում շատ հետաքրքիր հարցեր, որոնք այժմ էլ հուզում են փիլիսոփաներին և գիտնականներին։ Օրինակ, Դավիթը քննում է` ինչ է աշխարհը, ինչ օրինաչափություններ ունի այն, ինչ տեղ է գրավում մարդը Տիեզերքում և ինչպես նա պետք է ճանաչի աշխարհը, ինչպես պետք է օգտագործի իր մտավոր կարողությունները` բնության գաղտնիքները բացահայտելու համար։ Նա քննադատում է այն փիլիսոփաներին, որոնք պնդում էին, թե իբր մարդն ի վիճակի չէ թափանցելու իրերի և երևույթների էության մեջ: Դավիթն ապացուցում է, որ մարդու հինգ զգայարանները և բանականությունը լիովին բավարար են` լուծելու համար բնության բոլոր առեղծվածները: Բայց այդ նպատակին հասնելու համար մարդ պետք է տիրապետի ճանաչման տարբեր աստիճաններին, մտածողության օրենքներին: