Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ամենը մարդուն տալիս է փիլիսոփայական գիտությունը, որը սովորեցնում է ճանաչել աշխարհը և իմանալ ճշմարտությունը: Բայց կատարելության հասնելու համար մարդ չի կարող բավարարվել միայն գիտելիքներ ձեռք բերելով և ճշմարտություններ կուտակելով։ Նա պետք է կարողանա ճիշտ գործադրել դրանք կյանքում: Դավիթ Անհաղթի համար մեծ կարևորություն ունի մարդու բարոյական նկարագիրը: Կատարյալ մարդ կարող է համարվել միայն նա, ով ձեռք բերած գիտելիքները կամ արվեստը զուգակցում է բարոյական բարձր հատկանիշների` ազնվության, բարության, ընկերասիրության և խիզախության հետ: Մինչև Անհաղթը հայ փիլիսոփայության մեջ ոչ ոք մարդուն այդքան բարձր չի դասել: Նա գտնում է, որ առաքինությունը ձեռքբերովի է: Մարդը առաքինի չի ծնվում: Նա կարող է ծնվել խարտյաշ աչքերով կամ ֆիզիկական այլ հատկանիշներով, իսկ առաքինի է դառնում դաստիարակության և այլ միջոցներով: Լինել առաքինի նշանակում է լինել արդարամիտ: Դավիթ Անհաղթի առաջավոր գաղափարները լայն տարածում գտան Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Դա անհանգստացնում էր կրոնամոլ իշխանավորներին, որոնք և սկսեցին հալածել իմաստուն փիլիսոփային: Ըստ պահանված գրավոր ավանդության, Դավիթ Անհաղթն ստիպված է լինում հեռանալ ասպարեզից և մեկուսանալ Հաղպատի հին մենաստանում, որտեղ մահանում է: Բայց նրա թշնամիները չեն հասնում իրենց նպատակին։ Դավիթ Անհաղթի հռչակը տարածվում է երկրով մեկ: Նրա գրքերն անցնում են ձեռքից ձեռք, արտագրվում են բազմաթիվ օրինակներով, իսկ գաղափարները ձեռք են բերում հազարավոր հետևորդներ։ Նրա գործը հաղթում է։ Դավթի աճյունը մեծ շուքով տեղափոխում են հայրենի գավառը և որպես սուրբ մասունք թաղում Մուշ քաղաքի Առաքելոց վանքում։ Նրա գերեզմանը դառնում է ուխտավայր։ Դրանով ժողովուրդն իր հարգանքն ու երախտագիտությունն է հայտնում իր զավակին, որն անձնվիրաբար ծառայեց հայ մշակույթի ու գիտության զարգացմանը: Հետագա դարերի և հատկապես սովետահայ գիտնականների ուսումնասիրություններն ու Դավիթ Անհաղթի գործերի թարգմանությունները համընդհանուր ճանաչում բերեցին մեծ մտածողին: 1980 թ Երևանում, Մոսկվայում, ինչպես նաև մեր երկրի ուրիշ քաղաքներում և արտասահմանյան տարբեր երկրներում մեծ շուքով նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:

Դավիթ Բեկ

Հայ ժողովրդի բազմադարյան ազատագրական պայքարի ականավոր հերոսներից է Դավիթ Բեկը, նշանավոր զորավար, որը 1720-ական թվականներին գլխավորեց Սյունիքի ապստամբությունը պարսկական խաների ու թուրք նվաճողների դեմ` հանուն հայրենիքի ազատության: Սյունյաց աշխարհը հայկական այն բազմամարդ շրջաններից էր, որը թեև գտնվում էր պարսից շահերի տիրապետության ներքո, կառավարվում էր հայ մելիքների (իշխան, կառավարիչ) կողմից: Խորախոր ձորերի, անտառապատ լեռների, լեռնային արագասահ գետակների այս երկիրը ըմբոստ ոգի և ազատասիրություն էր ներարկել իր զավակներին, որոնք փառքով պսակեցին իրենց անունը, երբ ոտքի ելան հանուն հայրենի հողի ազատության: 1722 թ Սյունիքում սկսված այդ ազատամարտերն էլ հենց գլխավորեց Դավիթ Բեկը։ Պատմությունը շատ քիչ տեղեկություններ