Հայրենի քաղաքի կենդանական և բուսական աշխարհի լավագույն բարեկամներին են դպրոցներում գործող «Կանաչ պարեկ», «Պատանի անտառապահ», «Բնության բարեկամ», «Ալ առագաստներ», «Կարմիր մեխակներ», «Պատանի բնասերներ» և այլ ակումբների ու խմբակների անդամ պիոներ-դպրոցականները, որոնք պահպանում են նաև պատմական և ճարտարապետական հուշարձաններն ու կոթողները: Աշնան ամիսներին նրանք հավաքում են ծառերի ու ծաղիկների սերմեր, տերևներ, զանազան միջատներ, բույսերի նմուշներ և պատրաստում ալբոմներ ու հերբարիումներ հարազատ դպրոցի համար:
Հանրահայտ է «Դիլիջան» մանկական առողջարանը, որտեղ ամբողջ տարին բուժվում, կազդուրվում, հանգստանում և սովորում են հանրապետության տարբեր քաղաքներից ու շրջաններից եկած 7-15 տարեկան երեխաներ:
Ամեն տարի ամռան ամիսներին Դիլիջանը դառնում է իսկական մանկական քաղաք: Այստեղ գործում են պիոներական մի շարք ճամբարներ: Պիոներներն ու դպրոցականները լինում են գետափին, անտառում, քաղաքի տեսարժան վայրերում:
Դիլիջանի ուշագրավ կոթողներից են Վ. Ի. Լենինին, Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակին, Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանցիներին նվիրված հուշարձանները։
Դիլիջանը բաց թանգարան է Հաղարծնի վանքի իր բազմադարյան համալիրով, Գոշավանքով, Ջուխտակ վանքով ու Մաթոսավանքով, հազվագյուտ մատուռներով ու խաչքարերով, պատմական ու ճարտարապետական այլ հուշարձաններով:
1982 թ. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Դիլիջանում ստեղծվեց ժողովրդական արգելավայր-թանգարան՝ պահպանելու համար Հաղարծին և Գոշավանք միջնադարյան ճարտարապետական հուշարձանները, քաղաքի փողոցներից մեկը՝ իր հնամենի կառույցներով:
Դիլիջանը հայտնի է նաև բուսական ու կենդանական աշխարհի պահպանման ու բազմացման արգելանոցով:
Մեր նախնիք Դիլիջանը հնում կոչել են Հովք, որ նշանակում է ամառանոց:
Դիմապատկեր
Դիմապատկերը մարդու կամ մի խումբ մարդկանց պատկերումն է գեղանկարչության, գծանկարչության, փորագրության, քանդակագործության մեջ։ Դիմապատկերում արվեստագետը, լինի նա գեղանկարիչ, թե գծանկարիչ, փորագրիչ, թե քանդակագործ, ոչ միայն կերտում է մարդու արտաքին նմանությունը, այլև աշխատում երևան հանել նրա բնավորությունը, պատմել նրա կյանքի, զբաղմունքի մասին։ Երբ արվեստագետը իրեն է պատկերում, դա արդեն կոչվում է ինքնադիմապատկեր:
Առաջին դիմապատկերները (որոնց մեջ կային նաև դիմանկարներ), ստեղծել են հին եգիպտացիները և հույները դեռևս մեր թվականությունից շատ առաջ։ Ճիշտ է, նրանցում պատկերված մարդիկ հիշեցնում էին առասպելների աստվածների և