հերոսների: Վերածննդի դարաշրջանում մարդը գնալով ավելի ու ավելի էր հետաքրքրում նկարիչներին: Այդ շրջանում հիասքանչ դիմանկարներ ու դիմաքանդակներ են ստեղծել Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը:
15-16-րդ դարերում դիմապատկերային արվեստն սկսեց ծաղկում ապրել։ Այդ ժամանակ արվեստագետները զարմանալի վարպետությամբ ստեղծում էին իրենց ժամանակակիցների դիմապատկերները, ստեղծում էին կտավի և թղթի վրա, քանդակում մարմարից, ձուլում բրոնզից: Աշխարհի թանգարաններում ցուցադրված են 15-րդ դարի իտալացի նշանավոր նկարիչներ Բոտիչելլիի և Տիցիանի, 16-րդ դարի գերմանացի նկարիչ Դյուրերի, 17-րդ դարի ֆլամանդական նկարիչներ Ռուբենսի և Վան Դեյքի ստեղծած դիմանկարները։
19-րդ դարի առաջին կեսին Ռուսաստանում ապրում էր հայտնի դիմանկարիչ Ա. Տրոպինինը: «Որդու դիմանկարը» նրա լավագույն ստեղծագործություններից է: Անփութորեն բացված բաճկոնով սիրունատես, խարտյաշ տղան ուշադիր նայում է դեպի հեռուն, ասես հետաքրքիր մի բան է տեսել այնտեղ: Տղայի դեմքի արտահայտության, գլխի կտրուկ դարձվածքի մեջ հեշտությամբ կռահում ենք աշխույժ և միաժամանակ քնքուշ ու մեղմ բնավորությունը, անկեղծ հափշտակվածությունը աշխարհով ու կյանքով։ Նրա դեմքը լուսավորված է վաղորդյան գորովալից արևով Դիմանկարի բոլոր գույները ներդաշնակ են: Այն լի է կյանքի բերկրանքով և մանկության հմայքով։
Սովետական Միության շատ պատկերասրահներում դուք կտեսնեք ռուս ականավոր արվեստագետների ստեղծած բազմաթիվ հոյակապ դիմապատկերներ Դրանց շարքում են Ի. Ե. Ռեպինի, Ի. Ն. Կրամսկոյի, Վ. Ա. Սերովի և շատ ուրիշների դիմապատկերները։
Մեր ժամանակակիցների և պատմական գործիչների հիանալի դիմապատկերներ են ստեղծել սովետական արվեստագետներ Մ. Վ. Նեստերովը, Ա. Ի. Գերասիմովը, Վ. Ի. Մուխինան, Պ. Դ. Կորինը և ուրիշներ:
Լենինի կերպարը վառ մարմնավորում է գտել քանդակագործ Ն. Ա. Անդրեևի աշխատանքներում։ Մենք Վլադիմիր Իլյիչին տեսնում ենք զեկուցում կարդալիս, աշխատելիս, զրուցելիս։ Այդ դիմաքանդակներն ստեղծել են մի ամբողջ լենինապատում, որը ներկա և ապագա սերունդների համար պահպանում է մեծ մարդու թանկագին գծերը։
Համընդհանուր ճանաչման են արժանացել հայ արվեստագետների կերտած դիմապատկերները: Եզակի են միջնադարում ստեղծված հայկական դիմապատկերները, ինչպես, օրինակ, Գագիկ Առաջինի