Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արձանը, որ 11-րդ դարի աշխատանք է, 13-14-րդ դարերի հայկական մանրանկարներում հանդիպող դիմանկարները։

Հայ դիմանկարչության նշանավոր վարպետներից է 19-րդ դարի գեղանկարիչ Հակոբ Հովնաթանյանը, որի մասին դուք կարող եք կարդալ «Հովնաթանյաններ» զրույցում: Նրա «Նազելի Օրբելյանի դիմանկարը» դիմանկարչության նկատելի երևույթներից է: Նուրբ դիմագծերով և խոհուն հայացքով երիտասարդ կինն ասես, մի ակնթարթ կտրվել է իր առօրյա հոգսերից և ամփոփվել ինքն իր մեջ։ Գլխի գեղեցիկ դարձվածքը, ձեռքերի մեղմ, հանդարտ դիրքն ու կանացի պարկեշտ նստելաձևը մատնում են կնոջ օժտվածությունը արժանապատվության խոր զգացումով։ Մարմնաձևերի նուրբ և սահուն անցումները զարմանալիորեն ներդաշնակվում են հոգեբանական խորունկ նկարագրին։ Սև, կանաչ, ճերմակ գույների փայլուն զուգորդումները, զուսպ, թրթռուն լուսավորումը, կարծես, եթերային են դարձնում նրան: Նկարիչը գեղանկարչական պարզ, խոսուն, մատչելի հնարքներով ստեղծել է տվյալ ժամանակի հայ կնոջ տիպական կերպարը:

Հրաշալի դիմապատկերներ են ստեղծել նաև Վ. Սուրենյանցը, Փ. Թերլեմեզյանը, Հ. Գյուրջյանը, Ե. Թադևոսյանը, Մ. Սարյանը, Հ. Կոջոյանը, Ա. Բաժբեուկ-Մելիքյանը, Ե. Քոչարը, Գ. Գրիգորյանը (Ջիոտտո), Մ. Ավետիսյանը և շատ ուրիշ հայ արվեստագետներ։


Դիմիտրով Գեորգի Միխայլովիչ

1882-1949

Տասներկուամյա բուլղարացի տղային՝ Գեորգիին, կարիքը ստիպեց թողնելու դպրոցը և աշխատանքի անցնելու։ Առավոտից մինչև ուշ երեկո աշխատում էր տպարանում, հետո իր խցիկում, երբեմն ողջ գիշերը վառվող նավթի ճրագի տակ, նստում դասագրքերի առջև: 15 տարեկանից արդեն Գեորգին բանվոր դասակարգի գործին անսահման նվիրված խիզախ հեղափոխականների կողքին էր։

Դիմիտրովը Բուլղարիափ գործարանների բանվորների և լեռնային հեռավոր գյուղերի բնակիչների հաճախակի հյուրն էր: Նա բացատրում էր, թե ինչպես պետք է փոխել կյանքը, որ բոլոր երեխաները կարողանան սովորել, որ մարդիկ քաղցից չմեռնեն։ «Բուլղարիան կդառնա ազատ ու երջանիկ»,- ասում էր նա: Դիմիտրովը պարզ և հասկանալի նրանց պատմում էր Լենինի մասին։

Մի անգամ հանքափորների փոքրիկ մի քաղաքում տեղի ունեցած միտինգի ժամանակ ոստիկանները ցանկացան ձերբակալել անհնազանդ հռետորին: Բայց նրանք չկարողացան ճեղքել ամբոխը, և Դիմիտրովը հանգիստ շարունակեց իր ելույթը։

Հեղափոխության թշնամիները հաճախ էին փորձում հանկարծահաս մի կրակոցով հաշվեհարդար տեսնել Դիմիտրովի հետ։ Բայց ոչ մի բան՝ ո՛չ սպառնալիքները, ո՛չ բանտախուցը, ոչ էլ շղթաները, չէր կարող ընկճել նրա երկաթե կամքը, հարկադրել հրաժարվելու սեփական համոզմունքներից: Գերության մեջ էլ նա շարունակում էր վստահելի ընկերների միջոցով ղեկավարել հեղափոխական պայքարը։

Դիմիտրովի անունը ողջ աշխարհում տարածվեց, երբ 1933 թ. գերմանական ֆաշիստները նրան մեղադրեցին Ռայխստագը (կառավարական շենքը) հրկիզելու մեջ, որը հենց իրենք էլ հրդեհել էին: Այդ հրեշավոր կեղծիքով նրանք ուզում էին արատավորել բոլոր կոմունիստներին։ Բայց Դիմիտրովը մեղադրյալից դարձավ ֆաշիզմի ահեղ մեղադրող: Դատավորները փորձում էին լռեցնել նրան, խոսելու իրավունք չէին տալիս, ուժով դուրս էին տանում դահլիճից։ «Ես կոմունիստ եմ»,- դատարանում հնչում էր նրա հպարտ