Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղուկ մետաղը դոմնայից ճոռով հոսում է դեպի հրահեստ զանգվածով երեսապատված ակոսները, իսկ այնտեղից լցվում երկաթգծերին պատրաստ կանգնած շերեփների մեջ: Ապա մետաղը փոխադրում են հետագա վերամշակման ենթարկելու, իսկ հալանցքը խցում են հրահեստ կավով և սպասում, թե հնոցում նորից, երբ բավականաչափ մետաղ կկուտակվի: Հալված խարամը մետաղից թեթև է և վերև է բարձրանում: Դրա համար էլ խարամի հալանցքը թուջի հալանցքից ավելի բարձր են անում։

Դոն Կիխոտ

16-րդ դարի վերջն է: Իսպանիայի անծայր ու քարքարոտ ճանապարհներին այրում է տոթակեզ արևը։ Ով ասես չի անցնում այդ ճանապարհներով: Ահա վազեցին-անցան ոտաբոբիկ գեղջկուհիները, իսկ այնտեղ հեռվում ձգվում է մռայլ վանականների տաղտկալի թափորը: Մեկ աչքիդ է զարնում ճանապարհորդ սենյորի կառքը, մեկ էլ տեսնում ես, շղթայակապ տաժանապարտների են տանում: Ահա հորիզոնում երկու տարօրինակ հեծյալ երևացին: Նրանք կամաց-կամաց մոտենում են, և արդեն կարող ես լավ զանազանել նրանց: Մեկը նիհար է ու բարձրահասակ. նրա անճոռնի մարմինը զարդարված է ասպետական զենք ու զրահով, չնայած վաղուց արդեն դրանք ոչ ոք չի կրում: Սաղավարտի փոխարեն գլխին պղնձե թաս է դրել. նրա ուղեկիցը գեր ու կարմրաթուշ մի մարդ է՝ հաստլիկ գորշ իշուկին հեծած: Ետևում են մնացել բազմաթիվ արկածները, էլ ավելին սպասվում են առջևում: Իսկ ովքեր են նրանք և ինչու են ճամփա ընկել։ Հիշեցեք նրանց անունները. Դոն Կիխոտ և Սանչո Պանսա։ Այս մարդկանց վիճակված է շատ դարեր փառաբանելու հայրենի Իսպանիան: Իսպանացի աղքատ ազնվական Դոն Կիխոտի կյանքն անցնում էր անհրապույր ու տաղտկալի: Նրա միակ ուրախությունն ու սփոփանքը ասպետական վեպեր կարդալն էր։ Այնտեղ պատմվում էր վիշապների ու չար կախարդների դեմ մենամարտերի մասին, այն ասպետների մասին, ովքեր թափառում են երկրով մեկ և օգնում թույլերին ու հալածվածներին, պատժում չարերին ու անիրավներին: Դոն Կիխոտը չէր հավատում, որ ասպետների ժամանակները վաղուց անցել են: Եվ որոշեց թափառական ասպետ դառնալ՝ հոգ չէ, թե մարտական նժույգ չունի, նա թամբեց իր զառամյալ ձին և կոչեց Ռոսինանտ հնչեղ անունով: Ոչինչ, որ իսկական ասպազենք չունի, նա գտավ հին օրերից մնացած ու ժանգոտած մի զրահ, իսկ սաղավարտի դիմակալը պատրաստեց ստվարաթղթից ու թիթեղից։ Փույթ չէ նաև, թե իսկական զինակիր չունի. նա ընտրեց խորամանկ ու բարեհոգի գեղջուկ Սանչո Պանսային։ Դոն Կիխոտի ուղեղում իրար էր խառնվել այն ամենը, ինչ կարդացել էր գրքերում ու երազել և ինչ տեսել էր իրական կյանքում: Նա կարող էր հողմաղացն ընդունել չար հսկայի տեղ և կռվել նրա դեմ: Տեսնելով, թե ինչպես հարուստ գյուղացին ծեծում է փոքրիկ հովվին, Դոն Կիխոտը պաշտպան կանգնեց նրան, որովհետև թափառական ասպետի պարտքն էր համարում փորձանքի մեջ ընկածին ձեռք մեկնելը։ Կշտամբանք ու նախատինք, ծեծ ու ծաղրուծանակ էին բաժին ընկնում Դոն Կիխոտին և նրա ուղեկցին: Բայց Դոն Կիխոտը համառորեն ու հաստատակամորեն շարունակում էր իր դժվարին ուղին: Նա ոչ միայն հին գրքերով գլուխը լցրած տարօրինակ մարդ էր, այլև ազնիվ, արիասիրտ ու վեհանձն անձնավորություն: Եվ միշտ նրա կողքին էր հավատարիմ Սանչո Պանսան։ Այս մարդկանց պատմությունը հորինել և շարադրել է իսպանացի հռչակավոր գրող Աիգել Սերվանտես դե Սաամեռրան (1547-1616): Սերվանտեսն ապրեց տքնանքով, արկածներով, դառնությամբ և խիզախությամբ առլեցուն մի կյանք: Նա քաջաբար կռվեց պատերազմում, մասնակցեց ծովամարտի, գերի ընկավ և երկար տարիներ տանջվեց գերության մեջ՝ սպասելով փրկագնի ու փախչելու փորձ անելով: Հետո վերադարձավ հայրենիք։ Սերվանտեսը ոտքի տակ տվեց ողջ Իսպանիան, հանդիպեց ու զրուցեց գյուղացիների ու զինվորների, թափառաշրջիկ դերասանների և ուսանողների, հարուստների ու չքավորների հետ: Նա տեսնում էր, թե ինչ ծանր կյանքով է ապրում հասարակ ժողովուրդը, և շատ էր մտորում, թե ինչպես օգնի նրան: