Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթ ստանալ: Չէ՞ որ բնության մեջ երկաթը հանդիպում է ոչ թե մաքուր ձևով, այլ թթվածնի հետ միացություն կազմած միայն դա էլ հենց երկաթի հանքաքարն է: Երկաթը հանքաքարից հալում են դոմնային վառարաններում, ավելի ճիշտ, դոմնային վառարաններում ստանում են ոչ թե մաքուր երկաթ, այլ երկաթի և ածխածնի համաձուլվածք` թուջ: Հին ժամանակների դոմնաները նման են վերևում նեղացող կավե փոքրիկ աշտարակների։ Որոշ վայրերում, օրինակ, Աֆրիկայում, դրանք պահպանվել են մինչև մեր օրերը, մինչդեռ ժամանակակից դոմնաները 30-հարկանի տան բարձրությամբ վիթխարի կառույցներ են` պատրաստված մետաղից ու հրահեստ աղյուսից: Սովետական Միությունում գործող դոմնաները աշխարհում եղած հզորագույններից են։ Այդ դոմնաներից յուրաքանչյուրը մեկ տարում այնքան մետաղ է տալիս, որքան 20-րդ դարի սկզբին հալում էին ցարական Ռուսաստանի բոլոր դոմնաները միասին: Որքան էլ տարբեր է ժամանակակից և հինավուրց դոմնաների տեսքը, նրանց կառուցվածքը, հիմնականում, նույնն է: Նրանց նպատակն էլ է նույնը երկաթը ազատել թթվածնի «գերությունից»։ Դոմնաները նաև բեռնավորում են նույն նյութերով` ածխով ու հանքաքարով, միայն թե հիմա հալումից առաջ ածուխը հատուկ ձևով մշակում են, որովհետև այն պարունակում է մետաղի համար չափազանց վնասակար բազմաթիվ խառնուկներ: Այդ պատճառով ածուխը կոքսացնում են, այսինքն` ազատում վնասակար խառնուկներից: Դա արվում է հետևյալ կերպ. ածուխը մանրացնում, վերածում են շատ նուրբ փոշու, ապա եռակալում (ստանում են ծակոտկեն կտորներ): Այդ ընթացքում վնասակար խառնուկներն անջատվում են, ստացվում է կոքս։ Հանքաքարն ու կոքսը դոմնայի մեջ լցնում են վերևից` հնոցաբերանից, շերտ առ շերտ` մի շերտ կոքս, մի շերտ հանքաքար և նորից կոքս։ Հանքաքարն ու կոքսը իջեցվում են դոմնայի միջին մասը` հորան, այնուհետև ստորին մասը, հնոց, որպեսզի կոքսն ավելի լավ այրվի, ներքևից վառարանի մեջ օդ են փչում: Այդ տաքության մեջ կոքսը ագահորեն թթվածին է խլում հանքաքարից, առաջանում է մաքուր մետաղ, որը հոսում է դեպի ներքև: Երբ շատ մետաղ է կուտակվում, հնոցում անցք (հալանցք) են բացում, և մետաղը դուրս է հոսում: Այդպես վարվում են օրը մի քանի անգամ, ստույգ սահմանված ժամերի