Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆիզիկայի ինստիտուտում, որը 1943 թ․ հիմնադրել էր Արտեմ Ալիխանյանը։ Նա 30 տարի անընդմեջ եղել է այդ ինստիտուտի ղեկավարը:

Մեր դարի 30-ական թվականներին ֆիզիկոսներն արդեն բացահայտել էին, որ ատոմի միջուկում թաքնված են էներգիայի վիթխարի պաշարներ։ Անհրաժեշտ էր այնպես անել, որ այդ էներգիան ծառայեր մարդկանց։ Հարկավոր էր նաև խանգարել ֆաշիստական Գերմանիային, որը ցանկանում էր այդ էներգիան օգտագործել սարսափելի կործանարար զենք պատրաստելու համար։ 1942 թ․ վերջին Աբրահամ Ալիխանովը մեկնեց Մոսկվա, որտեղ Ի․ Վ․ Կուրչատովի ու սովետական այլ խոշոր գիտնականների հետ մասնակցեց շատ կարևոր հարցերի լուծմանը, որոնք կապված էին սովետական պետության ռազմական հզորության մեծացման և նրա պաշտպանունակության ամրապնդման հետ։ Այդ աշխատանքները հաջողությամբ պսակվեցին։

1945 թ. Աբրահամ Ալիխանովը Մոսկվայում հիմնադրեց և երկար տարիներ ղեկավարում էր տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որը դարձավ գիտության համաշխարհային կենտրոններից մեկը. նրա անմիջական ղեկավարությամբ այստեղ նախագծվեց ու կառուցվեց ՍՍՀՄ-ում իր տեսակի մեջ առաջին միջուկային ռեակտորը (դա բարդ «հնոց» է, որի մեջ որպես վառելիք օգտագործվում են ուրանի ատոմները):

Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են տարրական մասնիկներով և դիտում, թե ինչ է տեղի ունենում։ Առաջին հետազոտությունների համար այդ նպատակով օգտագործվում էին ռադիոակտիվ նյութերի քայքայումից առաջացող մասնիկները։ Բայց շուտով պարզվեց, որ այդ մասնիկների էներգիան բավարար չէ միջուկի «խորքերը» ուսումնասիրելու համար։ Ֆիզիկոսներն սկսեցին ուղիներ փնտրել մեծ էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար։ Այդ նպատակով ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագանում է, և նրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ՍՍՀՄ-ում պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկներն ուսումնասիրելու համար Արտեմ Ալիխանյանն ստեղծեց նաև բազմաթիվ յուրատեսակ սարքեր։

Աբրահամ Ալիխանովը 3 անգամ արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի, պարգևատրվել շքանշաններով ու մեդալներով։ Նա ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, սոցիալիստական աշխատանքի հերոս: Նա չափազանց աշխատասեր մարդ էր չէր խուսափում նույնիսկ «ամենասև» աշխատանքից։ Սիրում էր սպորտը, երաժշտությունը։ Տաղանդավոր կազմակերպիչ-փորձարարի ընկերներն էին ոչ միայն ականավոր ֆիզիկոսներ, այլև արվեստի և գրականության շատ գործիչներ։

Արտեմ Ալիխանյանը լենինյան մրցանակի դափնեկիր է, երկու անգամ արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի, պարգևատրվել շքանշաններով ու մեդալներով։ Նա ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր։ Արտեմ Ալիխանյանը լավ շախմատ էր խաղում, սիրում էր գեղանկարչությունը, ուներ նկարների արժեքավոր հավաքածու, որի մեջ կային հայ մեծանուն նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հարություն Կալենցի և ուրիշների ընծայած կտավները։ Նրա մոտիկ բարեկամներն էին կոմպոզիտորներ Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը։ Նա սիրում էր սպորտը, հրաշալի թենիս էր խաղում, աջակցում Հայաստանում այդ խաղի տարածմանը։ Մեր հանրապետության թենիսիստներն ամեն տարի Երևանում անց են կացնում Արտեմ Ալիխանյանի հիշատակին նվիրված թենիսի հուշամրցումներ։