Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ամենն արտացոլվեց Դոն Կիխոտի մասին գրքում, որը Սերվանտեսը գրում էր երկար, և որքան գրում էր, այնքան գիրքը փոփոխվում էր, որքան նա շատ էր մտածում իր հերոսի մասին, այնքան ավելի էր սիրում նրան: Մենք կարդում ենք այդ գիրքը, սկզբում ծիծաղում ենք Դոն Կիխոտի տարօրինակությունների վրա: Թվում է, թե չէր հասկանում իր շրջապատում եղած ամենապարզ բաներն անգամ և այնպիսի, թեկուզ և ազնիվ նպատակներ էր հետապնդում, որոնց իրագործումը միանգամայն անհնարին էր։ Այդպիսի խառնվածք ու բնավորություն ունեցող մարդկանց այժմ էլ անվանում են դոնկիխոտներ: Բայց Դոն Կիխոտը միայն ծիծաղ չէ, որ հարուցում է: Գիրքն ընթերցելով՝ մենք աստիճանաբար սիրով ու հիացմունքով ենք լցվում նրա հանդեպ: Նորից ու նորից կարդալով այդ գիրքը, դուք ամեն անգամ մի նոր բան կգտնեք, և այն ավելի ու ավելի թանկ կդառնա ձեզ համար: Բայց դուք երբեք չեք մոռանա ձեր առաջին հանդիպումը նրա հերոսների հետ: Ձգվում է Իսպանիայի քարքարոտ ճանապարհը, և երկու տարօրինակ հեծյալներ շտապում են օգնության հասնելու բոլոր նրանց, ովքեր դժբախտության մեջ են:

Դպրոց

«Դպրոց» բառն առաջացել է «դպիր» բառից, որ հնում նշանակել է գրագետ մարդ, գրագիր, քարտուղար։ Դուք, անշուշտ, երբեք չեք մոռանա դպրոցական ձեր առաջին օրը: Սեպտեմբերյան արևոտ առավոտ է: Բոլոր դասարանները շարված են դպրոցի մոտ: Ամենուր ծաղիկներ են, ժպիտներ, խնդուն դեմքեր: Այստեղ դուք առաջին անգամ տեսնում եք ձեր համադասարանցիներին, ծանոթանում ուսուցչուհու հետ: Ձեզ՝ առաջին դասարանցիներիդ, ջերմ, բարի խոսքերով դիմում են ուսուցիչները, դպրոցի դիրեկտորը, ծնողները: Հնչում է դպրոցական առաջին զանգը ձեր կյանքում: Իսկ գարնանը, աշակերտների նույնպիսի մի հանդիսավոր հավաքի ժամանակ, նորից կհնչի դպրոցական զանգը, այս անգամ արդեն վերջինը ձեր ավագ ընկերների՝ տասներորդ դասարանցիների կյանքում։ Դա ձեր ուղին է, առաջինից մինչև տասներորդ դասարան: Ձեր կյանքի տասը տարին կապված կլինի դպրոցի հետ: Այդ տասը տարիների ընթացքում դուք շատ բան կիմանաք, շատ բան կսովորեք, սկզբում հոկտեմբերիկներ կլինեք, հետո՝ պիոներներ և կոմերիտմիության անդամներ։ Եվ միշտ ձեր կողքին կլինի ձեր ամենագլխավոր ղեկավարն ու բարեկամը՝ ուսուցիչը: Յուրաքանչյուր ուսուցիչ ունի ծրագիր, որով նախատեսվում է, թե ինչ պետք է սովորեցնել առաջին դասարանցուն, երկրորդ դասարանցուն... և առհասարակ դպրոցում սովորող բոլոր երեխաներին, Սովետական Միության բոլոր դպրոցների համար այդ ծրագրերը միասնական են։ Կուսակցության և կառավարության որոշմամբ բոլոր դպրոցականներն ապահովվում են անվճար դասագրքերով, ինչ նախատեսված է ՍՍՀՄ նոր սահմանադրությամբ: Դպրոցն ունի «Կանոններ սովորողների համար». չէ՞ որ եթե աշակերտը ջանասիրաբար չսովորի, իրեն օրինակելի չպահի, ակտիվորեն չմասնակցի դասարանի, խմբի, ջոկատի, դպրոցի կյանքին, ապա կարող