այնպես, ինչպես հանգցրեց մոմը մեր փորձի ժամանակ։ Հենց այդ նույն ածխաթթվական գազն է հաճելիորեն ծակծկում լեզուդ, երբ գազով ջուր ես խմում:
Ածխաթթվական գազը, ջրի մեջ լուծվելով, առաջացնում է ածխաթթու, որը շատ մետաղների հետ գոյացնում է հատուկ նյութեր՝ կարբոնատներ: Դրանցից է մեզ բոլորիս լավ հայտնի սոդան՝ նատրիումի կարբոնատը։ Ածխաթթվի մյուս աղը՝ կալցիումի կարբոնատը, բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և միանգամից երեք ձևով՝ կավիճ, կրաքար և մարմար։ Այդ ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի հաստվածքը, ուր ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է ածխաթթվական գազ: Դուրս ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների խառնարանների միջով ածխաթթվական գազն ընկնում է մթնոլորտ: Մարդկանց և կենդանիների շնչառության զանազան նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է ածխաթթվական գազ: Այդ պրոցեսների հետևանքով մթնոլորտ է արտանետվում միլիարդավոր տոննաներով ածխաթթվական գազ, բայց և այնպես օդում այն մնում է համեմատաբար քիչ քանակությամբ:
Մեզ համար դա շատ կարևոր է, քանի որ ածխաթթվական գազը թունավոր է, և եթե այն օդում պարունակվեր նույնիսկ մի փոքր ավելի, ապա դա բավական կլիներ թունավորվելու համար:
Նման տխուր ճակատագրից մեզ փրկում են կանաչ բույսերը, որոնց համար ածխաթթվական գազը հիմնական սնունդն է: Տերևները կլանում են ածխաթթվական գազը և ածխածնի ատոմներից ու այլ նյութերից պատրաստում բույսին անհրաժեշտ ածխաջրեր, իսկ այդ բույսերով սնվում են կենդանիներն ու մարդիկ:
Ահա և պարզվում է, որ առանց ածխաթթվական գազի ևս գոյություն ունենալ չես կարող։ Այն անհրաժեշտ է երկրի վրա կյանքը պահպանելու համար:
Ածխածին
Այս գրքում «ածխածին» բառը հանդիպում է բավական հաճախ՝ կանաչ տերևի ու երկաթի, պլաստմասսաների ու բյուրեղների մասին պատմող և ուրիշ շատ զրույցներում։ Ածխածինը՝ «ածուխ ծնողը», քիմիական ամենազարմանալի տարրերից է: Նրա պատմությունը երկրի վրա կյանքի առաջացման և զարգացման պատմությունն է, որովհետև ածխածինը մտնում է բոլոր կենդանի օրգանիզմների բադադրության մեջ։
Իսկ ինչպիսի՞ տեսք ունի ածխածինը։
Կատարենք մի քանի փորձ: Վերցնենք շաքարը և տաքացնենք օդի բացակայությամբ։ Սկզբում այն կհալվի, կդառնա շագանակագույն, իսկ հետո կսևանա և կվերափոխվի ածխի: Այդ ընթացքում կանջատվի ջուր։ Եթե հիմա ածուխը տաքացնենք թթվածնի ներկայությամբ, ապա այն կայրվի առանց մնացորդի և կվերափոխվի ածխաթթվական գազի: Նշանակում է, շաքարը կազմված է ածխից և ջրից: Իսկ «շաքարի» ածուխը սև փափուկ փոշի է, որն էլ հենց մաքուր ածխածինն է, որովհետև ածխաթթվական գազը ածխածնի միացությունն է թթվածնի հետ:
Վերցնենք մոխրագույն փափուկ քարը՝ գրաֆիտը։ Դուք այն շատ լավ եք ճանաչում, նրանից են պատրաստում հասարակ մատիտների միջուկաձողերը։ Եթե գրաֆիտը տաքացնենք թթվածնի ներկայությամբ, այն ևս կայրվի առանց մնացորդի, չնայած մի քիչ ավելի դանդաղ, քան ածուխը: Իսկ փորձասարքում, որտեղ այն այրվում էր, կմնա ածխաթթվական գազը: Նշանակում է, գրաֆիտը նույնպես մաքուր ածխածին է։
Եթե այդ նույն փորձասարքում թթվածնի ներկայությամբ շիկացնենք ալմաստը, որը թափանցիկ, շողշողուն թանկարժեք քար է, բոլոր միներալներից ամենակարծրը, ապա այն նույնպես կայրվի՝ փոխակերպվելով ածխաթթվական գազի: Իսկ եթե ալմաստը