Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտակարգ գեղեցիկ են այծքաղների, օրինակ, կուդուի գալարուն, սև այծքաղի թրանման, օրիքսի ուղիղ և երկար եղջյուրները։


Այսբերգ

«Այսբերգ» բառը նշանակում է «սառցալեռ»։ Այսբերգներն, իրոք, սառցե լողացող լեռներ են, որոնք առաջանում են սահելով ծովը գլորվող սառցադաշտերից։ Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա։ Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը։ Ի վերջո այն ջարդվում ու դղրդյունով ընկնում է ջուրը։ Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, ճոճվելով, այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության, իր վիթխարի զանգվածի մեծ մասը թաքցրած ջրի տակ։ Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում։

Այսբերգները մեծ չեն լինում՝ 1-2 կմ երկարությամբ և կես կիլոմետր լայնությամբ։ Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարություն և ավելի քան 100 մ բարձրություն ունեցող վիթխարի այսբերգներ։

Այսբերգների հայրենիքը Արկտիկայի և Անտարկտիդայի սառցադաշտերն են։

Օվկիանոսում այսբերգների հանդիպելը վտանգավոր է։ Չէ՞ որ նրանց ստորջրրյա մասը, որն անհամեմատ ավելի մեծ է վերջրյա մասից, չի երևում։ 1912 թ․ Ամերիկայից Եվրոպա էր նավարկում «Տիտանիկ» մարդատար մեծ շոգենավը, մառախուղի մեջ այն բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ։

Բայց եղավ նաև, որ Անտարկտիկայի ջրերում այսբերգները բարի ծառայություն մատուցեցին «Յուրի Դոլգորուկի» սովետական կետորսական նավախմբին։ Ուժեղ փոթորիկը նավաստիներին խանգարում էր պատրաստի արտադրանքը ռեֆրիժերատոր (սառնանավ) տեղափոխել և հեղուկանավից վառելանյութ վերցնել։ Հանկարծ նրանք տեսան կողք կողքի ճոճվող երկու այսբերգ։ Շուրջը հսկա ալիքներ էին, իսկ այսբերգների միջև միայն թեթև ծփանք էր։ Նավաստիները խիզախեցին նավերը կանգնեցնել այսբերգների միջև և նրանց պաշտպանության ներքո կատարեցին իրենց աշխատանքը։

Դա, հավանաբար, միակ դեպքն է, երբ այսբերգներն օգնել են նավաստիներին։ Սակայն գիտնականները ենթադրում են, որ այսբերգները կարող են ժամանակ առ ժամանակ օգտակար լինել մարդկանց։ Չէ որ մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի խիստ է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը։ Իսկ այսբերգները հենց այդպիսի ջրի պահեստարաններ են։ Գիտնականները մտածում են, թե հնարավոր չէ՞, արդյոք, այսբերգները քարշ տալ տանել մեծ քաղաքների նավահանգիստները և այնտեղ «խարիսխի տակ առնել»։ Այսբերգի ջրով կարելի կլինի հագեցնել միլիոնավոր մարդկանց ծարավը։ Ճիշտ է, սա առայժմ նախագիծ է միայն։


Այվազովսկի Հովհաննես Կոստանդինի

1817-1900

Սերունդների գիտակցության մեջ Այվազովսկի և ծով ըմբռնուններն, ասես, նույնացել են։ Այվազովսկու անունը տալիս մտովի տեսնում ենք ծովային ամենատարբեր տեսարաններ՝ ամեհի փոթորիկներ, նավաբեկություններ, պայծառ արևածագեր ու լուսնկա գիշերներ։

19-րդ դարի սկզբին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում հաստատված հայ առևտրական Կոստանդին Հայվազովսկու երկրորդ որդին էր Հովհաննեսը։ Մեծ ծովանկարիչը, որ քաջ գիտեր մայրենի լեզուն, իր նամակներում ու հայկական միջավայրի համար