հարազատ ժողովրդին հատուկ անսահման կենսասիրությունն ու լավատեսությունը։
Երիտասարդ հասակում Այվազովսկին ընտրվել է Եվրոպական մի շարք ակադեմիաների անդամ և արժանացել ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի:
Գրեթե ամեն տարի նրա պատկերների ցուցահանդեսներ են կազմակերպվել Ռուսաստանի, Եվրոպայի ու Ամերիկայի խոշոր քաղաքներում։ Նա համաշխարհային փառք է նվաճել իբրև ռուսական դպրոցի ներկայացուցիչ և լայն ճանաչում բերել ռուսական նկարչությանը: Որպես իր ժամանակի առաջադեմ արվեստագետ, նա մեծ սեր է տածել փոքրաթիվ, ճնշված ժողովուրդների, հատկապես` հույների հանդեպ և նրա ազատատենչ պայքարին նվիրված կտավներ է ստեղծել։
Այվազովսկին ամբողջ կյանքում սերտորեն կապված մնաց մայր ժողովրդին։ Նրան խորապես ցնցեցին 1890-ական թվականների հայկական ջարդերը Թուրքիայում։ «Խորին կսկիծով վշտացած է սիրտս անբախտ հայոց չլսված, չտեսնված կոտորածով»,– գրել է նա հայրենիք հղած իր նամակներից մեկում: Այդ ապրումների արդյունքն են հայ ժողովրդի ողբերգությանը նվիրված մի շարք ցնցող պատկերներ։
1868 թ Այվազովսկին ճանապարհորդել է Անդրկովկասում: Այդ ուղևորությունը նյութ է տվել նկարչին ստեղծելու Հայաստանի բնությունը պատկերող կտավներ («Արարատ», «Սևանա լիճ» և այլն), որոնցով նա սկիզբ է դրել հայկական բնանկարչության զարգացմանը:
Այվազովսկու տունը Թեոդոսիայում եղել է մի յուրօրինակ ուխտատեղի։ Այստեղ հյուրընկալվել ու ելույթներ են ունեցել մեծ դերասան Պ. Ադամյանը, կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանը, ջութակահար Հովհ. Նալբանդյանը և ուրիշներ։ Նրան աշակերտել ու նրա արվեստով ոգեշնչվել են բազմաթիվ հայ նկարիչներ: Այվազովսկին