Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եկեղեցիները, պալատներ, հյուրատներ ու իջևանատներ։ Հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին Անին անվանել է «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»։ Եկեղեցիների ու տաճարների պսակը Մայր տաճարն է։ Նրա հեղինակը մեծատաղանդ Տրդատ ճարտարապետն է, որի հռչակը ժամանակին դուրս էր եկել Հայաստանի սահմաններից։ Ախուրյանի ձախ ափից պարզ երևում է կիսավեր տաճարի սյունազարդ և կամարազարդ ճակատը։ Տաճարի դիրքը հանդիսավոր է վեհ։ Նրանից դեպի ձախ բլրի վրա, միջնաբերդն է։ Շատ քիչ բան է մնացել․ պարզ գծագրվում է միայն երեք կամար։

Անիի տաճարներն ու պալատներն ունեցել են շքեղ մուտքեր ներսից զարդարված գունագեղ որմնանկարներով։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կիսաքանդ պատերին մինչև այսօր էլ պահպանվել են որմնանկարները։ Ճոխ քանդակներով ու նկարներով այդ եկեղեցին ստացել է Նախշազարդ անունը։

Անիում զարգացած են եղել մոտ չորս տասնյակ արհեստներ՝ շինարարական մետաղագործություն, գորգագործություն, դիպակագործություն, ջուլհակություն, բրուտագործություն, ոսկերչություն և այլն։

Անին միջազգային խոշոր առևտրական ճանապարհների հանգուցակետ էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի, Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Աշխարհով մեկ տարածված էր անեցի արհեստագործ վարպետների հռչակը, որոնց արտադրանքը զանազանվում էր ճաշակով, գեղեցկությամբ և որակով։

Բացի սովորական դպրոցներից, Անին ունեցել է նաև բարձր տիպի դպրոց, որտեղ դասավանդվել են բժշկագիտություն, բնագիտություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն և այլ առարկաներ։ Անին եղել է հայ գրչության կենտրոն։ Երևանի Մատենադարանում պահվում են Անիում գրված ձեռագիր գրքեր, որոնք աչքի են ընկնում գունագեղ մանրանկարներով և փղոսկրե ու արծաթե զարդաքանդակ կազմերով։ 10—11-րդ դարերում Անիում գործել է արքայական գրադարան։