Մեզանից 700 տարի առաջ ապրած հայ մեծ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի բոլոր գործերը հիացմունք են պատճառում ամենքին:
Թռչնաշուկա
Թռչնաշուկաները ծովային թռչունների աղմկոտ, բազմահազար կուտակներն են օվկիանոսների ու ծովերի ժայռոտ, զառիկող ափերին։ Հեռվից լսվում է նրանց բնակիչների անլռելի, բազմաձայն ժխորը, իսկ երբ մոտենում ես, ապշեցուցիչ տեսարան է բացվում. սաթի նման սև ու ձյունաճերմակ անթիվ-անհամար խոշոր թռչուններ ասես ծեփված են ժայռերի նեղ քիվերին, ծովի կողմից անվերջ շարաններով թռչում գալիս են կերով բեռնավորված ուրիշ թռչուններ, երրորդներն էլ թռչում գնում են որսի: Սովետական Միության տարածքում թռչնաշուկաներ կարելի է տեսնել Նոր երկիր կղզու արևմտյան ափին և Բարենցի ծովի այլ շրջաններում, ինչպես նաև` Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափերին։ Նրանք գոյատևում են ոչ թե տարին բոլոր, այլ միայն հյուսիսային կարճատև ամռանը, քանի դեռ թռչունները թուխս են նստում և կերակրում ճուտիկներին։ Թռչնաշուկաների ամենամեծաթիվ բնակիչները կայրաներն են, որոնք բադի մեծության, երկարակտուց, սև-սպիտակ թռչուններ են։ Յուրաքանչյուր կայրա, իր համար տեղ «նվաճելով» ժայռի քիվին, մերկ քարին ածում է մի հատիկ ձու և, որպեսզի ձուն քիվից չգլորվի, այն շուրջանակի պատնեշում է մանրիկ քարերով։ Ծնողները հերթով թուխս են նստում, իսկ հետո էլ կերակրում ձվից դուրս եկած աղվամազ ճուտիկին։ Փետրավորվելուց հետո նա մեծ բարձրությունից ցատկում է ցած իր հարազատ տարերքի՝ ջրի, մեջ ընկնելու համար։ Կայրաներն այնքան լավ են հիշում թռչնաշուկայի իրենց տեղը, որ տարիներ շարունակ բնադրում են միևնույն տեղում։ Գիտնականները դա պարզել են թռչուններին օղակավորելու միջոցով։ Քիվերի վրա կայրաների հետ կողք կողքի բնադրում են սպիտակ եռամատ որորները, սև սուզաբադերը, իսկ թռչնաշուկայի վերին հարկերում, ուր փափուկ հող կա, իրենց բներն են փորում թանձրահավերը՝ լայն, կողքերից տափակ կտուցով ծանրաշարժ թռչունները։ Նրանց կտուցը շատ հարմար է բույն փորելու համար։ Իսկ ինչպե՞ս են կարողանում այդքան կեր հայթայթել միևնույն տեղում ապրող, տառացիորեն իրար կպած այդ անհամար թռչունները։ Այստեղ շատ կեր կա՝ թե՛ ձկներ, թե՛ ծովի այլ բնակիչներ, որոնք որսալու համար թռչունները սուզվում են ջրի խորքը։ Նման կուտակներով, անմատչելի ժայռերի վրա ապրելն էլ իր առավելություններն ունի՝ թռչունները լավ պաշտպանված են լինում բազմաթիվ գիշատիչներից։ Սակայն կայրաները, թանձրահավերն ու եռամատ որորները թշնամիներ ունեն հենց թռչնաշուկաներում։ Սրանց մոտերքում բնադրում են խոշոր որորները՝ բուրգոմիստրները, երկարապոչ հյուսիսային ուրուրները։ Նրանք սովոր են օգտվել ուրիշի աշխատանքից։ Տեսնելով որսով լի որովայնով ծանրորեն դեպի բույնը թռչող կայրային կամ եռամատ որորին՝ բուրգոմիստրը