Թորոս Ռոսլինին դիմում էին իշխաններ Վասակն ու Օշինը, կաթողիկոս Կոստանդինը, որ Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել։ 1250 թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր։ Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ։
Իսկ հիմա արքունի սուրհանդակը նրան ասում է.
- Երեք օր հետո տեղի կունենա Լևոն արքայի և Կեռան թագուհու հարսանյաց հանդեսը: Արքան քեզ է վստահում Կիլիկիայի իշխանավորների պատկերները նկարելու պատիվը։
Կարծում եք, Թորոս Ռոսլինն անմիջպես համաձայնե՞ց։
1262 թ. հացապակաս տարի էր։ Այն ժամանակ Կիլիկիայում մոտ մեկ միլիոն հայ էր ապրում, մի քանի տասնյակ հազար էլ՝ այլազգի։ Մանրանկարիչը Լևոն արքայի առջև այսպիսի պայման դրեց.
— Ես խոստանում եմ արժանվույնս նկարել քեզ ու Կեռան թագուհուն, եթե դու արքունի ամբարանոցներից ցորեն բաց թողնես սովյալների համար։
- Որքա՞ն։
- Այնքան, որ գոնե առաջիկա տարում Կիլիկիայում ոչ ոք սովից չմեռնի։
Լևոն թագավորը գլխով համաձայնության նշան արեց։ Եվ Թորոս Ռոսլինը նկարեց Լևոն արքային ու Կեռան թագուհուն։ Այդ նկարը պահպանվել և մեր ժամանակներն է հասել անաղարտ վիճակում, Երուսաղեմ քաղաքում պահվող մագաղաթյա մատյաններից մեկում։
Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա Թորոս Ռոսլինի ստորագրությունը։ Այդ յոթից մեկը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, չորսը Երուսաղեմում, մեկը Թուրքիայում, Ստամբուլ (Կոստանդնուպոլիս) քաղաքում, մեկը՝ ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում։ Գուցե ուրիշ վայրերում էլ կան, որոնց տեղը ոչ ոք չգիտե։ Չէ որ մեծ թիվ են կազմում հայոց կորսված մագաղաթյա մատյանները։ Գուցե ձեզանից մեկին էլ բախտ վիճակվի մի այդպիսի մատյան գտնել և բերել ու հանձնել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որը հին հայերեն ձեռագրերի վերջնական հավաքատեղին է։