Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եգիպտոսն անկախացավ 1952 թ. հեղափոխությունից հետո միայն։ Մինչ այդ երկիրը երկար տարիներ գտնվում էր Անգլիայի տիրապետության տակ։ Եգիպտացիները տառապում էին ընչազրկությունից և հիվանդություններից, գրեթե բոլորն անգրագետ էին։ Երկրում մեքենաշինական գործարաններ չկային, իսկ մետաղը հալում էին տնայնագործական արհեստանոցներում։ Խոշոր կալվածատերերից խլվեց հողերի մեծ մասը և տրվեց հողազուրկ ու սակավահող գյուղացիներին։ Սրանք միավորվեցին կոոպերատիվներում, և դա հնարավորություն տվեց ավելի լավ օգտագործելու գյուղատնտեսական մեքենաները։

1952 թ. հեղափոխությունից հետո հանրապետությունում կառուցվեցին շատ գործարաններ ու ֆաբրիկաներ։ Այսօր երկիրն արտադրում է երկաթ, պողպատ, թուջ, հաստոցներ, ավտոմոբիլներ, երկաթուղային վագոններ, սառնարաններ, հեծանիվներ։ Եգիպտոսում շատ գործարաններ ու ֆաբրիկաներ կառուցվել են ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների օգնությամբ։ Սովետական Միությունն աջակցում է Եգիպտոսին՝ ինժեներներ, տեխնիկներ և որակյալ բանվորներ պատրաստելու գործում։

ՍՍՀՄ–ը օգնեց Եգիպտոսին Նեղոսի վրա կառուցելու Ասուանի բարձրադիր ամբարտակը։ Այն հնարավորություն է տալիս մեծ քանակությամբ ջուր կուտակելու հողերի ոռոգման համար, իսկ նրա էլեկտրակայանը Եգիպտոսն ապահովել է էժան էլեկտրաէներգիայով։