Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եգիպտոսը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է Եվրոպայի կապիտալիստական երկրների (Անգլիայի ու Ֆրանսիայի) և Իսպանիայի հարձակումներին: 1976 թ. Իսրայելը գրավեց Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին, որը վերադարձվեց 1982 թ.: Եգիպտական ժողովուրդը պայքարում էր Իսրայելի զավթած արաբական մյուս հողերը ազատագրելու համար: 1974 թ. եգիպտական ժողովուրդը հասավ նրան, որ իսրայելական զորքերը հեռացան Սուեզի ջրանցքի արևելյան ափից: Ջրանցքով նավարկել սկսեցին Եվրոպայից և Ամերիկայից Ասիա ու Արևելյան Աֆրիկա մեկնող նավերը: Եգիպտոսում բավականին շատ հայեր են ապրում, որոնք այստեղ հաստատվել են դեռևս մեր թվարկությունից շատ առաջ: Այժմ եգիպտահայ գաղութում հայերի թիվը կազմում է 12 հզ. մարդ: Հայերը միշտ էլ գնահատելի դեր են կատարել Եգիպտոսի պետական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում: Եգիպտահայ համայնքն ապրել է աշխույժ կյանքով: Գործել են բազմաթիվ մշակութային ընկերություններ, թատերական ու երաժշտական խմբեր: Դեռևս անցյալ դարից լույս են տեսնում հայերեն թերթեր ու ամսագրեր, իսկ 1828 թ. բացվել է առաջին հայկական դպրոցը: Եգիպտահայ թատրոնում հանդես են եկել հայ մեծանուն դերասաններ Ա. Արմենյանը, Հ. Զարիֆյանը, Սիրանույշը, Վ. Փափազյանը և ուրիշներ: 1947-1948 թվականներին ավելի քան երեք ու կես հազար եգիպտահայ ներգաղթեց մայր հայրենիք` Սովետական Հայաստան: Եգիպտահայ գաղութն այսօր սերտ կապ է պահպանում Սովետական Հայաստանի հետ, որը նրան օգնում է հայապահպանման գործում, ուղարկում հայերեն թերթեր, ամսագրեր, դասագրքեր:


Եթովպիա

(Սոցիալիստական Եթովպիա)

Եթովպիան գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում: Լեռնային երկիր է` գրեթե բոլոր կողմերից շրջապատված անապատներով ու կիսաանապատներով: Բարձրաբերձ լեռների գագաթներին ձմռանը ձյուն է նստում, իսկ աշնանը քուլա-քուլա կուտակվում է սառը մառախուղը: Լեռնային զով կլիմայի պայմաններում աճում են մերձարևադարձային ծառեր, թփեր ու խոտեր: Կենդանական աշխարհն այստեղ նույնպես հիշեցնում է մերձարևադարձային գոտիները: Լեռներից ավելի ցած ձգվում են բլրաշատ սարահարթերը` արգավանդ սևահողերով ու կարմրահողերով: Այդ սարահարթերը Եթովպիայի շտեմարանն են: Անտառներ քիչ են մնացել: Ամենուր ցորենի, գարու, կորեկի և նրա տարատեսակ տեֆի դաշտերն են: Տեֆից եթովպիացիները լավաշանման հաց են պատրաստում: Ձմռանն ու ամռանը մուսսոնային քամիներն անձրևներ են բերում: Դրա շնորհիվ երկրում բարենպաստ պայմաններ կան երկրագործության համար, որը եթովպիացիների մեծ մասի զբաղմունքն է: Հողը վարում են եզներ լծած արորով: Եթովպիացի գյուղացիները շատ անասուններ են պահում` կով, ոչխար, այծ, էշ, ձի, ընտանի թռչուններից` հավ: Շատ գյուղացիներ մեղվափեթակ ունեն: Երկրի հարավում մշակում են սուրճ: Եթովպիան սուրճի հայրենիքն է: «Սուրճ» բառի` մի շարք այլ լեզուներում պահպանված «կոֆե» ձևը ծագել է Եթովպիայի Կաֆա շրջանից, ուր լեռներում մինչև օրս էլ աճում են վայրի սրճենու ամբողջ անտառներ: Հարթավայրերում կլիման շոգ է, արևադարձային: Շատ կան հանքային աղբյուրներ: Եթովպիայում արդյունահանում են պլատին և ոսկի, մանգան և քարաղ, հայտնաբերված են երկաթի, գունավոր մետաղների, գորշ ածխի, նավթի և ուրիշ օգտակար հանածոների հանքավայրեր: Եթովպիան լճերի երկիր է: Այդ լճերից է Թանան, որից սնվում է աֆրիկյան մեծ գետը` Նեղոսը: Եթովպիական բարձրավանդակից տարբեր ուղղություններով հոսում են շատ գետեր, բայց նրանց մեծ մասը կորչում է շրջակա անապատներում: 16-րդ դարում գաղութարարներն առաջին անգամ ապարդյուն փորձեցին նվաճել Եթովպիան: 19-րդ դարի վերջին իմպերիալիստներն իրար մեջ բաժանեցին գրեթե ողջ Աֆրիկան: Եթովպիա եկան իտալական զավթիչները, բայց ժողովուրդը կրկին պաշտպանեց իր անկախությունը: 1936 թ. Եթովպիան ենթարկվեց իտալական ֆաշիստների հարձակմանը: Թեև ֆաշիստներին հաջողվեց ժամանակավորապես օկուպացնել երկիրը, սակայն եթովպացիներն իրենց դաշնակիցների հետ ջախջախեցին զավթիչներին: Երկրի ամենամեծ քաղաքը մայրաքաղաքն է` Ադիս Աբեբան (հայերեն` «նոր ծաղիկ):