Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իշխողներն իրենց են ենթարկել նվաճված երկրների (այդ թվում՝ Հայաստանի) ժողովուրդներին, շահագործել ու հալածել նրանց: Օտարերկրյա նվաճողների դեմ ապստամբելու ամեն մի փորձ ճնշվել է դաժանորեն, և հայերը ստիպված են եղել հեռանալ իրենց հայրենիքից ու ապաստան գտնել այլ երկրներում: 1915-1916 թվականներին թուրքական կառավարողները, գերմանական իմպերիալիստների աջակցությամբ, կազմակերպեցին արևմտահայության զանգվածային ջարդեր ու բռնագաղթ նրա պատմական հայրենիքից։ Դրանց հետևանքով կոտորվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր։ Այդ կոտորածը պատմության մեջ մտավ որպես Մեծ եղեռն, գենոցիդ (ցեղասպանություն), որի զոհերի հիշատակին հուշարձան է կանգնեցվել Երևանում՝ Ծիծեռնակաբերդում։ Այսօր Թուրքիայում ապրում է հազիվ 65 հզ հայ, հիմնականում՝ Ստամբուլում։

Թուրքմենիա

(Թուրքմենական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Թուրքմենիան մեր լայնարձակ հայրենիքի ամենահարավային երկրամասն է։ Այստեղ է գտնվում Սովետական Միության շոգի բևեռը, ուր ամռանը ստվերում ջերմաստիճանը հասնում է գրեթե 50 աստիճանի։ Սակայն այս վայրերում կլոր տարին չէ, որ շոգ է։ Թուրքմենական անապատներում ձմռանը նույնիսկ 30 աստիճանի սառնամանիքներ են լինում, որովհետև նրանք հյուսիսային սառը քամիներից պաշտպանված չեն բարձր լեռներով։ Թուրքմենիան չափազանց արևոտ է, իսկ խոնավություն այստեղ շատ քիչ կա։ Դրա համար էլ հանրապետության տարածքի մեծ մասն զբաղեցնում են ջրազուրկ անապատները, որոնցից ամենամեծը Կարակումն է («Սև ավազներ»)։ Այնտեղ, ուր ջուր կա, անապատը նահանջում է՝ տեղը զիջելով օազիսներին, ուր մարդու աչք են շոյում խաղողի և պտղատու այգիների վառ կանաչը, բամբակենու ճերմակ դաշտերը։ Թուրքմենիան տալիս է Սովետական Միության բարձրորակ բամբակի զգալի մասը։ Ջուր՝ ահա թե ինչի է միշտ ծարավի եղել այս հողը, ուր հնուց ի վեր ապրում է թուրքմեն աշխատասեր ժողովուրդը։ Նոր, ժամանակակից շենքերը զարդարում են հինավուրց Աշխաբադը: Երբ Միջին Ասիայում հաղթանակեց սովետական իշխանությունը, Վ. Ի. Լենինի առաջադրած գլխավոր խնդիրներից մեկն էր՝ թուրքմեններին և մյուս ժողովուրդներին օգնել ոռոգելու հողերը, կառուցելու ջրամբարներ և ջրանցքներ։ Եվ կառուցվեցին բազմաթիվ ջրանցքներ ու ջրամբարներ, իսկ Հայրենական մեծ պատերազմից հետո սկսվեց ՍՍՀՄ-ում ամենաերկար (1400 կմ)՝ Վ. Ի. Լենինի անվան Կարակումի ջրանցքի շինարարությունը, որի մեծ մասն արդեն կառուցված է։ Այն սկիզբ է առնում ջրառատ Ամուդարյայից, կտրում Կենտրոնական Կարակումները, միացնում թուրքմենական Մուրղաբ և Թեջեն գետերը, հասնում մինչև հանրապետության մայրաքաղաքը՝ Աշխաբադ։ Շինարարությունը շարունակվում է։ Ջրանցքը կհասնի Կրասնովոդսկ քաղաքը, որը գտնվում է հանրապետության տարածքն արևմուտքից ողողող Կասպից ծովի ափին։ Եվ Ամուդարյան կկապվի երկու՝ Արալյան ու Կասպից ծովերի հետ։ Ջուր չէ, որ թուրքմենները ջրանցքն անվանում են Կարակում գետ: Այդ ձեռակերտ գետը կենդանություն է պարգևել բամբակի նոր դաշտերի, բանջարանոցների ու արոտավայրերի։ Իսկ որքա՜ն հեկտարներ դեռ կյուրացվեն։ Բնությունը Թուրքմենիային զրկել է ջրից ու անտառներից, բայց շատ օգտակար հանածոներ է պարգևել: Թուրքմենական անապատներում հայտնաբերվել են նավթի, գազի, ծծմբի, աղի պաշարներ։ Կասպից ծովի Կարա Բողազ գյոլ ծոցն, ասես, քիմիական հումքի՝ գլաուբերյան աղի, մագնեզիումի, կալիումի, բրոմի, յոդի վիթխարի պահեստ լինի։ Թուրքմենիայում անսպառ են արևի և քամու էներգիայի պաշարները։